Բնակարանի անթերի վերանորոգման գրավականներից մեկը հարթ հատակներն են։ Իսկ վերջնական հարթ մակերես կարելի է ստանալ միայն հատակի հարթեցնող շերտի միջոցով։
Հատակի հարթեցնող շերտը (стяжка) վերին ծածկույթի և հիմքի միջև միջանկյալ շերտի դեր է կատարում: Որքան որակով ու պրոֆեսիոնալ է կատարված հարթեցումը, այնքան ավելի երկարակյաց կլինի հատակի ծածկույթը: Խորհուրդ ենք տալիս ի սկզբանե դիմել փորձառու մասնագետի, ով կկարողանա կատարել ցանկացած բարդության հատակի հարթեցման աշխատանքներ։ Նման մասնագետների կարող եք գտնել Varpet հավելվածում։
Անկախ նրանից, հատակի հարթեցման աշխատանքները կատարում եք ինքնուրույն, թե մասնագետի օգնությամբ, առաջարկում ենք ծանոթանալ հատակի հարթեցնող շերտի տեսակներին և աշխատանքների իրականացման հերթականությանը:
Հատակի հարթեցնող շերտի (ստյաժկա) նշանակությունը և կարևորությունը
Նախքան հարթեցումը սկսելը պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում հատակի հարթեցնող շերտը, և որոնք են դրա առանձնահատկությունները: Շաղախի համար օգտագործվում է լուծույթ, որը պարունակում է ավազ և ցեմենտ, ինչպես նաև այլ նյութեր:
Հատակի ստանդարտ խառնուրդը բաղկացած է ցեմենտի, ավազի և ջրի ճշգրիտ համամասնությունից: Այժմ կան տարբեր հավելումներով պատրաստի խառնուրդներ, որոնք արագացնում են ամրացումը և ամբողջական չորացումը, ինչպես նաև կարող են հատակը հավասարեցնել նվազագույն շեղումներով:
Հատակի որակը կախված է խառնուրդի բաղադությունից։ Հարթեցնող շերտը մի քանի կարևոր դեր է կատարում․
- հատակը բարձրացնում է ցանկալի մակարդակի
- ունի ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություն
- բարձրացնում է ամբողջ կառույցի ամրությունը
- նախապատրաստում է հարթ հիմք հատակի վերջնական ծածկույթի համար
Հատակի հարթեցնող շերտի տեսակները
Հատակի հարթեցնող շերտի տեսակները բաժանվում են ըստ խառնուրդի մաս կազմող պարտադիր բաղադրիչների, հատակի մակերևույթին տեղադրման մեթոդի և ըստ շաղախի տեսակի: Բացի դրանից ըստ խառնուրդի կազմի մեջ ջրի պարունակության հարթեցնող շերտը լինում է «թաց», «կիսաչոր» և «չոր»։
Թաց շաղախ
Թաց ցեմենտ-ավազե խառնուրդը հատակի հարթեցման դասական տարբերակներից է։ Այս շաղախի հիմնական թերությունը չորացման տևողությունն է (առնվազն 21-28 օր), իսկ մանրահատակի տեղադրման համար անհրաժեշտ է սպասել 2 ամիս: Հավասար չորացման համար հարկավոր է հատակը ծածկել պոլիէթիլենով:
Թաց շաղախ մոդիֆիկատորով
Լուծույթի մեջ ջրի քանակը նվազեցնելու համար «թաց» խառնուրդին ավելացվում են տարբեր նյութեր, որոնք թույլ են տալիս նվազեցնել լուծույթի ջրի քանակը ՝ առանց որակի կորստի։
Թաց շաղախի առավելությունները
- ամրություն (եթե ամեն ինչ ճիշտ է արվել, ապա վերջնական ամրացումից հետո կառույցը կդիմանա շատ երկար)
- հարաբերական ցածր գին
- թույլ է տալիս իրականացնել ցանկացած տեսակի էլեկտրալարերի մոնտաժ
- հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում լցնել հաստ շերտով
Թաց շաղախի թերությունները
- աշխատանքներն իրականացնելիս աղտոտում է տարածքը
- ունի մեծ քաշ (հաստ շերտով այն կարող է հասնել 70 կգ/մ 2);
- չորանալուց հետո շերտի հաստությունը պակասում է
- տեղադրման բավականին աշխատատար և բարդ աշխատանքներ
- արտադրական աշխատատար գործընթաց
Կիսաչոր շաղախ
Կիսաչոր շաղախը բաղկացած է ցեմենտ-ավազե խառնուրդից, որին ավելացվում է նվազագույն քանակությամբ ջուր: Այն տեղադրվում է հիմքի վրա, ոտքերով ամրացվում և հասցվում ցանկալի մակարդակի: Հավասարեցումից անմիջապես հետո կիսաչոր շաղախը հարթեցվում է կամ ձեռքով, կամ սարքով:
Կիսաչոր շաղախի առավելությունները
- Այս լուծույթի մեջ շատ քիչ ջուր կա, ուստի չորանալուց հետո շերտի հաստությունը չի փոխվում։
- Թաց շաղախը որոշ ժամանակ անց կարող է ճաքել, ինչը բացառվում է կիսաչոր շաղախի դեպքում։
- Արագ չորանալու շնորհիվ թույլ է տալիս անցնել վերանորոգման հաջորդ փուլին արդեն 15 ժամ անց։ Սակայն խառնուրդի ամբողջական կարծրացման համար անհրաժեշտ է առնվազն 28 օր: Այդ պատճառով ծանր իրեր չպետք է տեղադրվեն դրա մակերեսին մոտ մեկ ամիս:
- Այս տեսակը բազմաբնակարանային շենքերի հատակի վերանորոգման համար լավագույն տարբերակն է համարվում, քանի որ կանխում է հարևանների ջրհեղեղի վտանգը։
- Ապահովում է գերազանց ձայնային և ջերմամեկուսացում:
Կիսաչոր շաղախի թերությունները
- Բարձրորակ խառնուրդ կարելի է պատրաստել միայն հատուկ գործիքի օգնությամբ:
- Շատ կարևոր է պահպանել ջրի ճիշտ քանակությունը, քանի որ սխալ չափը կարող է փչացնել շաղախը:
- Գրեթե անհնար է ինքնուրույն ճիշտ խառնուրդ ստանալ։ Շատ դեպքերում ոչ ճիշտ խառնուրդը հանգեցնում է ճաքերի, ծածկույթի փխրունության կամ դրա չափազանց երկար չորացման:
Չոր շաղախ
Այս տեսակի խառնուրդը չի ենթադրում որևէ թաց աշխատանք: Տեխնոլոգիան բավականին պարզ է. Տեղադրվում է թեթև ձայնա և ջերմամեկուսիչ շերտ, որը ծածկվում է գիպսաստվարաթղթի, նրբատախտակի կամ տախտակի շերտով։
Կարևոր է պաշտպանել չոր խառնուրդը ջրից, այլապես կարող է բորբոս առաջանալ։ Հետևաբար, այս տեսակը հարմար չէ չջեռուցվող կամ խոնավ սենյակների համար:
Չոր շաղախի առավելությունները
- Առանձնանում է բարձր հրդեհակայունությամբ, քանի որ լցոնման համար օգտագործվում են չայրվող նյութեր։
- Ունի ձայնա և ջերմամեկուսացման գերազանց հատկություններ:
- Չի արձակում թունավոր գոլորշիներ:
- Տեղադրվում է շատ արագ, հարկ չկա սպասել հատակի կարծրացմանը, ինչպես թաց կամ կիսաչոր խառնուրդի դեպքում։
- Շատ թեթև է։
- Հնարավորություն է տալիս կատարել էլէկտրամոնտաժման աշխատանքներ։
Չոր շաղախի թերությունները
- Չի դիմանում խոնավությանը։ Խոնավությունից գիպսաստվարաթուղթը կամ նրբատախտակը դեֆորմացվում են, ինչի արդյունքում հատակին անհարթություն է առաջանում: Եթե հարթեցնող շերտը թրջվի կամ խոնավանա, չորացնելու համար հարկ կլինի քանդել հատակը:
- Տեղադրելիս պետք է աշխատել հատուկ դիմակներով, քանի որ շատ փոշի է առաջանում:
- Ունի համեմատաբար բարձր գին։
Բնութագիր | Հարթեցնող շերտի տեսակ | ||
Չոր | Թաց | Կիսաչոր | |
Անհրաժեշտ սարքավորումներ | Փարոսիկներ | Բետոնի խառնիչ, Փարոսիկներ | Հատուկ սարքավորումներ |
Ո՞վ կարող է իրականացնել հատակի հարթեցնող շերտի տեղադրում | Փորձառու տնային արհեստավոր | Ցանկացած շինարար | Մասնագիտացված արհեստավորներ |
Տարածքի անհրաժեշտ ջերմաստիճանը | Ցանկացած | +5°С-ից բարձր | +5°С-ից բարձր |
Ե՞րբ կարելի է քայլել մակերեսի վրայով | Միանգամից | 72 ժամից ոչ շուտ | 12 ժամից ոչ շուտ |
Վերջնական մշակում | Անհրաժեշտ չէ | Կարող է պահանջվել | Հարթեցում |
Հատակի ծածկույթի տեղադրում հարթեցնող շերտի վրա | Հաջորդ օրը | 28–30 օր հետո | 3–25 օր հետո |
Հարթեցնող շերտի տեսակն ըստ տեղադրման մեթոդի
Ըստ տեղադրման մեթոդի խառնուրդը լինում է՝
- հիմքին լցվող
- հարթեցնող շերտ՝ առանձնացնող հիմքի վրա
- լողացող շերտ
Հիմքին լցվող
Այս տարբերակում խառնուրդը լցվում է հիմքի վրա, որտեղ չկա առանձնացնող շերտ։ Նման խառնուրդն ի վիճակի է դիմակայել ծանր բեռների: Այս տեսակի հարթեցնող շերտն իրականացվում է միայն թաց շաղախով։ Շաղախը պետք է պարունակի մեծ քանակությամբ ջուր, քանի որ չորանալուց հետո սեղմվելով շերտի հաստությունը պակասում է։
Հարթեցնող շերտ՝ առանձնացնող հիմքի վրա
Հիմքի հետ հպումը բացառելու համար շերտը լցվում է խոնավամեկուսիչ բաժանարար հիմքի վրա: Նման բաժանարար հիմքի համար օգտագործվում են պերգամին, ռուբերոիդ, բիտումային թուղթ և, իհարկե, պոլիէթիլենային թաղանթ: Անհրաժեշտ ամրություն ունենալու համար հարթեցնող շերտի հաստությունը պետք է լինի առնվազն 30 մմ:
Լողացող շերտ
Լողացող շաղախը իրենից ներկայացնում է հիմքին չկապվող կառուցվածք, որի դեպքում հիմքի վրա դրվում է խոնավամեկուսիչ շերտ, դրա վրա դրվում են ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ շերտեր, որոնց վրա նոր միայն լցվում է առնվազն 50 մմ հաստությամբ թաց շաղախ:
Հարթեցնող շերտի այս տեսակն ունի գերազանց ջերմա և ձայնամեկուսիչ հատկություններ: Սակայն լողացող շերտը աչքի չի ընկնում իր ամրությամբ, և ամրությունն ապահովելու համար հատակը պահանջում է լրացուցիչ ամրացում։ Այն լրացնելու պատճառով է, որ լողացող շաղախներն ավելի հաստ են լինում։
Հատակի հարթեցնող շերտի տեսակներն ըստ կառուցվածքի
Հարթեցնող շերտերը բաժանվում են ոչ միայն շաղախի, այլ նաև կառուցվածքի տեսակներով։ Լինում են ամբողջական և հավաքվող։
Ամբողջական
Ամբողջական են համարվում թաց շաղախով պատրաստված հարթեցնող շերտերը։ Երբ հարթեցումը կատարվում է մեկ շերտով, այդ տեսակը կոչվում է միաշերտ։ Եթե շաղախը լցվում է մի քանի շերտերով, ապա դա բազմաշերտ շաղախ է: Շերտերը շարվում են հաջորդաբար, և յուրաքանչյուր հաջորդ շերտը դրվում է ամբողջովին չոր նախորդի վրա և պետք է լավ կպչի դրան:
Հավաքվող
Հավաքվող շերտն իրենից ներկայացնում է մեծ թիթեղներից` փայտաշեղային սալեր (ДСП), փայտաթելային սալեր (ДВП), գիպսե մանրաթելային թերթեր և այլն, պատրաստված շերտ:
Գիպսե մանրաթելային թերթերից պատրաստված չոր հավաքովի շերտը առանձնանում է հրակայունությամբ և խոնավադիմացկունությամբ։ Այն էկոլոգիապես մաքուր է, քիմիապես՝ չեզոք:
Հատակի հարթեցնող շերտի տեսակներն ըստ շաղախի նյութի
Ըստ պարտադիր բաղադրիչների՝ չոր խառնուրդները լինում են ցեմենտի, ցեմենտ-պոլիմերի, գիպսի և գիպս-պոլիմերի: Սա պետք է հաշվի առնել բազմաշերտ շաղախներ պատրաստելիս:
Ցեմենտի խառնուրդ: Այն կարող է օգտագործվել ինչպես բնակարանի, այնպես էլ առանձնատան հատակի հարթեցման համար: Ցեմենտի և ավազի խառնման առավել օպտիմալ հարաբերակցությունը 1:3 է։
Ավազաբետոնե խառնուրդ: Հարթեցումը կատարվում է պատրաստի խառնուրդով, որը կարելի է ձեռք բերել ցանկացած շինանյութի խանութից: Հատակի հավասարեցման այս մեթոդի ամենամեծ թերությունը չորանալուց հետո նյութի շերտի պակասումն է: Խառնուրդի հետ աշխատելիս անհրաժեշտ է վերահսկել շաղախի հաստությունը, ինչպես նաև լուծույթի բաշխման միասնականությունը: Հարթ և ամուր մակերես ստանալու համար ավազաբետոնե շերտը պարբերաբար պետք է ջրով ցողել 2 շաբաթվա ընթացքում: Առնվազն 20 օր կպահանջվի, որպեսզի շերտը ամբողջությամբ չորանա:
Գիպսե հատակի խառնուրդ: Այս տեսակի շերտը շատ հեշտ է տեղադրվում, ունի բարձր ճկունություն և շերտը չի նվազում ժամանակի ընթացքում։ Դրվում է փոքր հաստության շերտ: Այս դեպքում գիպսը շատ արագ չորանում է: Այս նյութի միակ թերությունն այն է, որ գիպսե խառնուրդը հարմար չէ բարձր խոնավությամբ սենյակներում։
Բետոնե խառնուրդ: Տեղադրման աշխատանքները նույնն են, ինչ ցեմենտի խառնուրդի դեպքում։
Հատակի հարթեցնող շերտի պատրաստման աշխատանքները
Որպեսզի հատակի հարթեցնող շերտը լիովին կատարի իր գործառույթները, այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների։ Եթե չունեք համապատասխան գիտելիքներ և փորձ, խորհուրդ ենք տալիս զերծ մնալ փորձարկումներից, խնայել ժամանակ և գումար՝ դիմելով varpet-ի փորձառու արհեստավորների օգնությանը։
- Հարթեցնող շերտը պետք է ունենա որոշակի ամրություն և ծանրությանը դիմակայելու հատկություն։
- Հարթեցնող շերտի խտությունը պետք է նույնը լինի սենյակի ամբողջ մակերեսի վրա։
- Ջերմա և ձայնամեկուսիչ շերտի վրա տեղադրվող խառնուրդի շերտի հաստությունը պետք է լինի 4սմ-ից ոչ պակաս։
- Եթե հատակի մեջ մոնտաժվելու են խողովակներ, շերտի հաստությունը պետք է 1,5-2 սմ ավելի հաստություն ունենա, քան խողովակների տրամագիծը։
- Աշխատանքներն սկսելուց առաջ մակերեսը պետք է նախապատրաստել, հիմքը չպետք է ունենա ճաքեր և թերություններ։
- Նախքան հատակի ծածկը պատրաստելը, կարևոր է որոշել դրա տեսակը, հաշվի առնել հիմնական առավելությունները, թերությունները և պահանջները:
- Խառնուրդը լցվում է ջրամեկուսիչ շերտի վրա, որի եզրերը հասնում են պատերին ամբողջ պարագծով այն բարձրությամբ, որով լինելու է հարթեցնող շերտը։
- Հարթեցնող շերտի տակ կարելի է տեղադրել ձայնամեկուսիչ նյութ, բայց հարկ կլինի շերտը լցնել պատից 5 սմ հեռու, որպեսզի հետագայում տեղադրվի ջերմամեկուսացումը։
Անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ
Հարթեցնող շերտի նախապատրաստական և տեղադրման աշխատանքները կախված են խառնուրդի, կառուցվածքի և նյութի տեսակից և հատակի նախնական վիճակից, սակայն կան որոշ քայլեր, որոնք կատարվում են անկախ վերը նշված հանգամանքների։
.
- Մասամբ կամ ամբողջությամբ ապամոնտաժել հին ծածկույթը
- Հեռացնել շինարարական աղբը
- Փոշու հեռացման համար մաքրել մակերեսը փոշեկուլով կամ թաց խոզանակով
- Եթե կան յուղի բծեր, դրանք նույնպես պետք է հեռացվեն
- Լազերային մակարդակի օգնությամբ տեղորոշել հատակի առավելագույն հնարավոր բարձրությունը
- Տեղադրել փարոսներ:
Հատակի թաց հարթեցնող շերտի տեղադրում
Հատակի թաց հարթեցումը կատարվում է մի քանի փուլով:
- Շերտի բարձրության նշում և հաշվարկներ:
- Հիմքի պատրաստում:
- Ջերմամեկուսիչ շերտի տեղադրում։ Այդ նպատակով օգտագործվում են պոլիստիրոլի թիթեղներ կամ կերամզիտ:
- Ջրամեկուսացում: Այս շերտը պարտադիր է բարձր խոնավություն ունեցող սենյակների համար (խոհանոց, լոգարան, զուգարան): Որպես ջրամեկուսիչ օգտագործվում են ռուբերոիդ կամ հաստ պոլիէթիլենային թաղանթ:
- Փարոսների տեղադրում: Կատարյալ հարթ մակերես ստանալու համար հարկավոր է իմանալ, թե ինչպես կարելի է փարոսները պատշաճ կերպով տեղադրել հարթեցնող շերտի տակ: Փարոսները մետաղական պրոֆիլից հորիզոնական ձողեր են, որոնց երկայնքով լցվում է թաց խառնուրդը։ Այսպիսով, փարոսների բարձրությունը համապատասխանում է շաղախի հաստությանը: Ձողերը պետք է տեղադրվեն պատից 20 սմ հեռավորության վրա և միմյանցից 1–1,5 մ հեռավորության վրա: Փարոսներն ամրացնելու համար օգտագործվում են պտուտակներ և ցեմենտի խառնուրդ:
- Խառնուրդի պատրաստում: Ավազի և ցեմենտի խառնուրդը պատրաստվում է 1:3 հարաբերակցությամբ: Բաղադրիչները խառնվում են այնքան ժամանակ, մինչև ստացվի միատարր զանգված: Ավելի հեշտ և արագ խառնելու համար օգտագործվում է շինարարական խառնիչ: Պատրաստի խառնուրդը բացվում է ջրով։
- Տեղադրում։ Թաց շերտը պետք է սկսել լցնել սենյակի վերին հատվածից: Խառնուրդը հավասարաչափ բաշխվում է փարոսների մեջ: Թարմ շաղախի շերտը պետք է մի քանի տեղով ծակծկվի՝ օդը հանելու և փուչիկների առաջացումը կանխելու համար:
- Լցնելուց մեկ-երկու օր հետո անհրաժեշտ է հեռացնել փարոսները և լցնել խոռոչները։
Հատակի չոր հարթեցնող շերտի տեղադրում
Հատակի չոր հարթեցնող շերտի տեղադրումն իրականացվում է մի քանի քայլով։
- Ջրամեկուսացում: Պոլիէթիլենային թաղանթը դրվում է պատրաստած հիմքի վրա այնպես, որ եզրերի բարձրությունը պատերին լինի 15 սմ: Սենյակի պարագծի շուրջ անհրաժեշտ է տեղադրել փրփրված պոլիէթիլենային շերտից եզրային ժապավեն, որի լայնությունը մոտ 15 սմ է, հաստությունը` 4-ից 10 մմ, իսկ երկարությունը` 50 մ:
- Փարոսների տեղադրում: Այս գործողություններն իրականացվում են այնպես, ինչպես թաց շաղախի տեղադրման ժամանակ:
- Տեղադրում։ Կերամզիտը լցվում է փարոսների միջև ընկած հատվածում և հարթեցվում: Ցանկալի է հիմքը լցնել հատված առ հատված՝ զուգահեռաբար տեղադրելով հարթեցնող շերտերը
Կարևոր է։
Չոր շաղախի հաստությունը որոշվում է խողովակների և այլ մոնտաժվող տարրերի առկայությամբ կամ բացակայությամբ, հիմքի առանձնահատկություններով և ջերմամեկուսացման պահանջներով: Մասնագետները խորհուրդ են տալիս իրականացնել 3-5 սմ բարձրությամբ հարթեցնող շերտ։
- Թիթեղների տեղադրում: Թիթեղները պետք է շարվեն աղյուսների նման, թիթեղները միմյանց ամրանում են պտուտակներով։ Ավելի մեծ հուսալիության համար կարերը սոսնձվում են:
Հատակի կիսաչոր հարթեցնող շերտի տեղադրում
Կիսաչոր հարթեցնող շերտի տեղադրման աշխատանքները գրեթե չեն տարբերվում թաց շերտից։ Միայն մի քանի նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։
- Հաշվարկներից և նշումներից հետո հիմքը ծածկվում է պոլիէթիլենային թաղանթով։
- Հարթեցնող շերտի խառնուրդի ջրի պարունակությունը պետք է լինի այնքան, որ բռունցքի մեջ սեղմելուց շաղախը կպչի։
- Խառնուրդը պետք է հավասարաչափ բաշխվի փարոսների միջև ընկած հատվածում և ոտքերով ու գործիքով հարթեցվի։
- Կիսաչոր շաղախի տեղադրման վերջին փուլը հղկումն է: Խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ հարթեցնող սարք։
- Աշխատանքի ավարտից 12 ժամ անց միայն կարելի է քայլել այդ տարածքով։
- Այս տեսակի հարթեցնող շերտի դեպքում փարոսները չեն հեռացվում։
- Դեկորատիվ ծածկույթը կարելի է տեղադրել կիսաչոր հարթեցումն ավարտելուց 4-5 օր հետո:
Երբ կամ որ դեպքում ստյաժկա չի կարելի անել
Ձմռանը բետոնի կարծրացման համար անհրաժեշտ հիմնական պայմանը ջերմային ռեժիմի պահպանումն է, որպեսզի բետոնը ձեռք բերի առնվազն 70% ամրություն: Հաճախ բետոնե խառնուրդը լցվում է այն սենյակներում, որտեղ հիմնական աշխատանքն ավարտված է, այսինքն կա տանիք և պատեր, բայց ջեռուցում չկա: Հետևաբար, ցանկալի է ապահովել տարածքի ջեռուցումը նախքան աշխատանքներն սկսելը:
Որպեսզի շաղախը բարձրորակ լինի, անհրաժեշտ է սենյակում ապահովել առնվազն +10°C ջերմաստիճան: