Ջեռուցման համակարգեր

Date 22 Հունվարի 2021
Ջեռուցման համակարգեր

Ջեռուցումը տան ամենակարևոր ինժեներական հատվածն է, առանց որի անհնար է ապահովել բնակարանի լիարժեք հարմարավետությունը։ Ջեռուցման համակարգի տեղադրումը պետք է կատարվի միմիայն մասնգետի կողմից։ Եթե ցանկանում եք ինքնուրույն կատարել տեղադրումը, սխալներ թույլ չտալու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գիտելիքներ՝ հաշվի առնելով մի շարք նրբություններ։ 
Եթե ​​ունեք հարցեր տան մասնավոր ջեռուցման կազմակերպման վերաբերյալ, և ձեզ հարկավոր է խորհրդատվություն, Varpet-ի բանիմաց մասնագետները կարող են արագ և գրագետ կատարել բոլոր չափագրումները, առաջարկել ամենաօպտիմալ ջեռուցման համակարգը ձեր տան համար և կատարել համակարգի տեղադրում։

Ինչպե՞ս կատարել ճիշտ չափագրում և հաշվարկ

Ջեռուցման համակարգի ճիշտ տեղադրման համար անհրաժեշտ է հաշվարկել հիմնական պարամետրերը, ինչը հնարավորություն կտա որոշել կաթսայի պահանջվող հզորությունը, խողովակաշարի չափը և ռադիատորների հզորությունը:

Նախապես հաշվարկվում է սենյակների մակերեսը: Ռադիատորի հատվածները հաշվարկվում են 1 սեկցիա ½ քառակուսի մետրի համար։ Չափավոր ջերմաստիճանի ռեժիմը պահպանելու համար պետք է տեղադրվի 70 Վտ/մ2 հզորությամբ կաթսա, ներառյալ պարտադիր պահուստ 20%՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար:

Յուրաքանչյուր սենյակի համար պահանջվող մարտկոցների հզորությունն առանձին է հաշվարկվում: Ջեռուցման կաթսայի սկզբնական էներգիայի ցուցիչը բազմապատկվում է սենյակի մակերեսով: Արդյունքում ստացված արժեքին ավելացվում է 20% և բաժանվում ռադիատորի մեկ հատվածի էներգիայի ցուցիչների վրա: Արդյունքը կլորացվում է: Այն ցույց է տալիս յուրաքանչյուր սենյակում անհրաժեշտ ռադիատորի հատվածների քանակը:

Մոնտաժ և հաճախակի կատարվող սխալներ

Մոնտաժման աշխատանքների բարդությունը և աշխատատարությունը կախված է ջեռուցման համակարգի տեսակի հետ։ Յուրաքանչյուր ջեռուցման տեսակ ունի իր առավելությունները, թերությունները և տեղադրման ճիշտ եղանակը։

Հաշվարկներ կատարելիս կամ ջեռուցում տեղադրելիս ամենատարածված սխալներն են.

  • Կաթսայի պահանջվող հզորության սխալ որոշում
  • Սխալ մոնտաժում
  • Ջեռուցման տեսակի սխալ ընտրություն
  • Բոլոր տարրերի սխալ տեղադրում

Որպեսզի չափագրման և տեղադրման աշխատանքները կատարվեն գրագետ և հետագայում չառաջանան խնդիրներ, խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի։ Varpet հավելվածի միջոցով կարող եք պատվիրել մասնագետի ծառայություն, ով կիրականացնի ջեռուցման համակարգի հետ կապված ցանկացած աշխատանք։

Ի՞նչ է ջեռուցումը, ջեռուցման համակարգի աշխատանքի գլխավոր սկզբունքը

Բոլորը ծանոթ են կենտրոնական ջեռուցմանը, սակայն քչերն են ծանոթ առանձնատան կամ բնակարանի մասնավոր ջեռուցման համակարգերին։ Տան ջերմությունն ապահովելու տարբեր եղանակներ կան, բայց ընդհանուր առմամբ համակարգերի կառուցվածքը նույնն է: Նախ, նրանք բոլորն ունեն կաթսա, այն իրենից ներկայացնում է փակ մետաղական անոթ, որի մեջ ջերմակիր հեղուկը տաքանում է որոշակի ջերմաստիճանի և մատակարարվում խողովակներին: Կաթսաները միմյանցից տարբերվում են՝ ելնելով օգտագործվող վառելիքի տեսակի` պինդ վառելիք, հեղուկ վառելիք (դիզել), գազ, էլեկտրականություն: Անկախ վառելիքի տեսակից՝ յուրաքանչյուր կաթսային կցված է խողովակների համակարգ, որի միջոցով ջերմակիր հեղուկը հասնում է ջեռուցման սարքերին՝ ռադիատորներ, կոնվեկտորներ, տաք հատակներ և այլն:

Ջեռուցման ցանկացած համակարգ ներառում է

  • Տաքացնող կաթսա
  • Խողովակների համակարգ
  • Ռադիատորներ կամ նմանատիպ ջեռուցման սարքեր
  • Ընդարձակման բաք
  • Շրջանառության պոմպ

Բացառություն են կազմում էլեկտրաէներգիա սպառող ջեռուցման համակարգերը։ Ըստ նախասիրության կարելի է հրաժարվել կաթսայից, խողովակներից և ապահովել տան ջեռուցումը տաք հատակի կամ էլէկտրական ջեռուցիչների օգնությամբ։ 

Ճիշտ, խնայողական և որակյալ ջեռուցման համակարգ տեղադրելու հարցը կարելի է լուծել մի քանի ճանապարհով։

  • Դիմել մասնագետի, ով կընտրի ջեռուցման օպտիմալ համակարգ՝ ըստ ձեր պահանջի, և ելնելով տան առանձնահատկություններից՝ կկատարի համապատասխան չափագրումներ և կիրականացնի համակարգի տեղադրում։ 
  • Պատվիրել մասնագետների կողմից տեղադրման աշխատանքների մասնակի կատարում;
  • Ստանալ մասնագիտական ​​խորհրդատվություն և ինքնուրույն կատարել ջեռուցման համակարգի տեղադրում։

Եթե պլանավորում եք կատարել տան մասնավոր ջեռուցման համակարգի տեղադրում, և ձեզ անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն և օգնություն, կարող եք ներբեռնել varpet հավելվածը և պատվիրել սանտեխնիկի ծառայություն։ Հավելվածում գրանցված հմուտ մասնագետները պատրաստ են կատարել և՛ ջեռուցման ամբողջական տեղադրում, և՛ վերանորոգում։ Անկախ ձեր ընտրած տարբերակից, դուք պետք է պատկերացնեք տեղադրման ողջ պրոցեսը փուլ առ փուլ: Եթե նույնիսկ հարկ չկա ինքնուրույն ինչ-որ բան անելու, ապա կարող եք պարզապես հետևել աշխատանքի ընթացքին։

Ջեռուցման տեսակները։ Ինչո՞վ են նրանք տարբերվում, առավելությունները,  թերությունները

Ջեռուցման ճիշտ համակարգ ընտրելու համար հարկավոր է իմանալ ջեռուցման յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները։ Նախ, եկեք նշենք ջեռուցման հիմնական տեսակները․

  • Ջրային ջեռուցում
  • Օդային ջեռուցում
  • Հատակի տաքացում

Ջրային ջեռուցում

Ջրային ջեռուցում

Ամենատարածված և դասական տարբերակ է համարվում ջրային ջեռուցումը, որն իր հերթին կարող է լինել միակոնտուրային և երկկոնտուրային (կամ մեկտեղանի և երկու խողովակաշարով):

Միակոնտուրային ջեռուցման սխեմա

Խողովակը, որի միջոցով ջուրը հոսում է, գազով, կոշտ վառելիքով կամ էլեկտրականությամբ աշխատող կաթսայից դուրս է գալիս և միմյանց է միացնում բոլոր ռադիատորները: Նույն խողովակի միջոցով ջուրը վերադառնում է կաթսա: Այս տեսակի թերությունը կայանում է նրանում, որ ինչքան խողովակը երկար է, այնքան կաթսան չի հասցնելու բավականաչափ տաքացնել բոլոր ջեռուցման սարքերը։ Այս տարբերակը հարմար է բնակարանի կամ փոքր տան համար։ 

Երկկոնտուրային ջեռուցման սխեմա

Երկու խողովակաշարով համակարգն ունի երկու խողովակ․ տաք ջրի հոսքը դեպի ռադիատորներ իրականացվում է մատակարար խողովակով, իսկ հետադարձ խողովակով ջուրը ռադիատորներից տեղափոխվում է հետ՝ դեպի կաթսա։ Այս դեպքում ռադիատորները ջերմությունը ստանում են միաժամանակ, և կաթսայից նրանց հեռավորությունը չի ազդում ջերմաստիճանի վրա։

Երկկոնտուրային սխեման իր հերթին ունի երկու տեսակ՝ հորիզոնական և ուղղահայաց: Առաջին տարբերակը հարմար է մեկհարկանի մեծ շինությունների համար։ 
Ուղղահայաց համակարգը հարմար է երկհարկանի տների և բարձրահարկ շենքերի համար: Այս դեպքում ջեռուցման սարքերը միացված են ուղղահայաց կերպով։ Նման սխեմայով համակարգի տեղադրումը պահանջում է լրացուցիչ ծախսեր, սակայն ուղղահայաց խողովակների դեպքում օդախցանի (воздвушная пробка) առաջացման հավանականությունը շատ քիչ է։ 

Ուղղահայաց և հորիզոնական խողովակաշարերի տեղադրումը կատարվում է երկու եղանակով․

  • Ստորին բաշխում։ Այս տարբերակով համակարգը տեղադրվում է նկուղային հարկում, մատակարար խողովակաշարն անցկացվում է հատակի տակով, իսկ հետադարձը՝ մատակարարից ավելի ներքև։ Ջրի շրջանառությունն ապահովելու համար ռադիատորները տեղադրվում են կաթսայից բարձր։ 
  • Վերին բաշխում։ Այս եղանակով տեղադրման դեպքում խողովակաշարը տեղադրվում է ձեղնահարկում, իսկ ամենաբարձր կետում տեղադրվում է կաթսան։ Համակարգն աշխատում է բնական շրջանառությամբ։

Ջրային ջեռուցման առավելությունները

  • Պարզություն ու հուսալիություն՝ միակցված տարրերի մինիմալ քանակի շնորհիվ։
  • Պողպատե ջերմային խողովակաշարերի երկարակեցություն՝ մինչև 25 տարի:

Ջրային ջեռուցման թերությունները

  • Ռադիատորների մաքրում և խնամք, հովացման հեղուկի բաղադրության հատուկ պահանջներ;
  • Խողավակաշարերի մեջ հեղուկի սառեցման և ցրտահարտության դեպքում խողովակաշարի վնասման հավանականություն։

Առավել խնայողական ջեռուցման համար հաճախ առանձնատներում կաթսայի փախարեն տեղադրվում է փայտի վառարան։ Այն տեղադրվում է առանձին տարածքում, որպես վառելիք օգտագործվում է փայտ կամ փայտի թեփ: Նման ջեռուցումը ջրային ջեռուցման համեմատ եռակի շահավետ է։

Օդային ջեռուցում

Օդային ջեռուցում

Օդային ջեռուցումը ներկայումս բնակարանի տաքացման ամենատարածված եղանակներից մեկն է համարվում։ Միջին չափի սենյակների համար օգտագործվում են կոմպակտ ջեռուցման և օդափոխման սարքավորումներ, իսկ ամբողջ շենքի համար պահանջվում է ավելի բարդ նախագիծ: Ջրային ջեռուցման հետ համեմատած՝ օդային ջեռուցումը պետք է դիտարկել որպես մի ամբողջական կլիմայական համակարգ, քանի որ այն համատեղում է մի քանի գործառույթներ՝ ջեռուցում, օդափոխություն, հովացում, խոնավեցում, օդի մաքրում։ Օդային ջեռուցումը նաև շահագործման մեջ է շահավետ:

Ամենաժամանակակից տարբերակը օդ-օդ ջերմային պոմպի տեղադրումն է: Նման լուծման շահեկան առանձնահատկությունն այն է, որ եթե օդորակիչը ներառված է համակարգում, ապա այդպիսի համակարգը չի պահանջի լրացուցիչ ծախսեր սարքավորումների համար, միևնույն ժամանակ այն կարող է էապես խնայել ռեսուրսները շահագործման ընթացքում:

Առանձնատներում և բնակարաններում ջեռուցման համար այս համակարգի կիրառումն ունի համաշխարհային միտում, քանի որ տաքացումը կատարվում է առանց վառելիքի այրման, հետևաբար և առանց մթնոլորտի ուղեկցող աղտոտման:

Օդային ջեռուցման հիմնական բաղադրիչները

  • Օդափոխիչ։ Ամբողջ համակարգի գլխավոր բաղադրիչ մասն է, այն պետք է լինի արդյունավետ և ամուր:
  • Ջերմափոխանակիչ: Այն ծառայում է օդի հոսքի տաքացման համար:
  • Օդատարներ: Այս տարրերն օգտագործվում են օդի մատակարարումը դեպի սենյակ իրականացնելու համար:
  • Ֆիլտրեր, խոնավեցնող սարքեր: Դրանք անհրաժեշտ են շենքի ներսում օպտիմալ միկրոկլիմայի պահպանման և խոնավեցման համար:
  • Օդորակիչ: Թույլ է տալիս հովացնել տան բոլոր սենյակները:
  • Կառավարման համակարգ. Այն ավտոմատ կերպով պահպանում և վերահսկում է ջերմաստիճանը, միացնում և անջատում է կլիմայական համակարգը:

Օդային ջեռուցման համակարգում ռադիատորներ չկան: Տաք օդը սենյակ է մատակարարվում վանդակաճաղերի միջով, սառը օդը բարձրանում է վեր և օդատար խողովակներով տեղափոխվում ջերմափոխանակիչ: Շրջանառությունն ապահովում է ամբողջ տարածքի տաքացումը և նպաստում է արդյունավետ օդափոխությանը: 

Օդային ջեռուցման առավելությունները

  • Բազմաֆունկցիոնալություն՝ տաքացում, օդափոխություն, հովացում, խոնավեցում, օդի մաքրում
  • Օգտագործման հարմարավետություն
  • Բարձր էներգախնայողություն
  • Հուսալիություն
  • Երկարակեցություն
  • Ջերմաստիճանի կառավարում
  • Չի աղտոտում օդը

Օդային ջեռուցման թերությունները

  • Ջեռուցման համակարգը պետք է տեղադրվի շինարարության ընթացքում։ Քանի որ օդային խողովակները նշանակալի տեղ են գրավում տանը, դրանք պետք է նախապես նախագծվեն:
  • Փոքր տարածքների համար օդային ջեռուցման համակարգը մի փոքր ավելի թանկ կարժենա, քան ավանդական ջրային ջեռուցումը կամ շոգեջեռուցումը:
  • Եթե նախագծով նախատեսված է ձգվող առաստաղի տեղադրում, տեղադրումը դժվարանում է, քանի որ պետք է  շրջանցել օդատարները:
  • Ցանկալի է ջեռուցման համակարգը տեղադրել նախքան ներքին հարդարման աշխատանքներ կատարելը, հակառակ դեպքում անհնար կլինի թաքցնել օդատարները:
  • Օդատարների տեղադրման վայրերում առաստաղի բարձրությունը կրճատվում է 15-20 սմ-ով:
  • Տեղադրելուց առաջ պահանջվում է նախագծի կազմում։

Հատակի տաքացում

Հատակի տաքացում

Տաք հատակը տաքացնում է օդը, ոչ թե պատերը: Համակարգի տաքացումը տևում է մոտ քսան րոպե, բայց միևնույն ժամանակ էլ այն դանդաղ է սառչում։ 

Գոյություն ունի հատակի տաքացման երկու տեսակ

  • Ջրով տաքացվող։ Այս համակարգը տեղադրվում է բացառապես մասնագետի կողմից՝ նախնական չափագրման և նախագծի հիման վրա։ Արդյունքում այն ավելի խնայողական է։
  • Էլեկտրականությամբ տաքացվող։ Այս տեսակի հատակը չի տեղադրվում կահույքի տակ, ուստի տարածքում լինելու են սառը կետեր։ Այս դեպքում տաք հատակի այս տեսակը սպառում է ավելի շատ էլեկտրաէներգիա։

Հատակի տաքացման առավելությունները

  • Ջերմության հավասարաչափ բաշխում
  • Անվտանգ շահագործում․ ջեռուցման տարրերը թաքցված են հատակի տակ և վտանգ չեն ներկայացնում։
  • Արտաքին տեսք․ հատակի տաքացման ժամանակ բացակայում են ռադիատորներ և օդատարներ, ինչի շնորհիվ կարելի է ընտրել ցանկացած ինտերիերի դիզայն։

Հատակի տաքացման թերությունները

  • Խողովակների սխալ կամ թերություններով իրականացված մոնտաժի դեպքում հնարավոր է ջրի արտահոսք։ Տեղադրման փուլում խողովակները ծածկվում են բետոնով, և, համապատասխանաբար, թերության կամ խողովակի վնասվածքի դեպքում խնդիր է առաջանում ապամոնտաժել ամբողջ կառույցը:
  • Մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել հատակի տաքացումը որպես տան միակ ջեռուցման համակարգ: Լիարժեք հարմարավետության համար ցանկալի է համադրել այն այլ համակարգի հետ։ 
  • Ջերմաստիճանը կարգավորելու բացակայություն։ 

Ջրային Տաք հատակի մոնտաժման եղանակները

Հատակի տաքացման համակարգի տեղադրման աշխատանքները ճիշտ իրականացնելու համար անհրաժեշտ է պահպանել հետևալ քայլերի հերթականությունը։

  • Նախապատրաստվում և մաքրվում է հիմքը, որի վրա տեղադրվելու է համակարգը։ Հիմքը պետք է լինի հարթ։ Նույնիսկ 3 մմ շեղումը կարող է վնասել ամբողջական կառույցը, քանի որ յուրաքանչյուր նոր շերտով այդ շեղումը կմեծանա։
  • Տեղադրվում է բաշխիչ կոլեկտորը, որի շնորհիվ ջուրը բաշխվում է խողովակների երկարությամբ։
  • Հաջորդ քայլը ջերմամեկուսացումն է: Այս շերտը հսկայական դեր է խաղում ամբողջ համակարգի արդյունավետ աշխատանքի մեջ, ուստի այն չի կարող անտեսվել: Որպես մեկուսիչ նյութ  օգտագործվում է 35 կգ/մ3 խտությամբ փրփրապոլիստիրոլ։
  • Ջերմամեկուսացնող շերտի վրա տեղադրվում է ջրամեկուսիչ շերտը՝ պոլիէթիլենային շերտ:
  • Ամրապնդող ցանցի տեղադրում։ Այն անհրաժեշտ է խողովակները հատակին ամրացնելու համար։ 
  • Հաջորդ քայլով տեղադրվում է դեմպֆերային ժապավենը՝ 10 սմ լայնությամբ փրփրված պոլիէթիլեն, որն ամրացվում է պատերի պարագծով ջերմության կորուստը կոմպենսացնելու համար։ 
  • Բոլոր անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքներից հետո տեղադրվում են ջեռուցման խողովակները։ Խողովակները զիգզագ անցկացման դեպքում հեռավորությունը միմյանցից պետք է լինի 15սմ-ից ոչ պակաս։ 
  • Խողովակների տեղադրման աշխատանքներն ավարտելուց հետո հարկավոր է իրականացնել ամբողջ համակարգի հերմետիկության օդամղիչ ստուգում մինչև 6 Բար ճնշման տակ։ 
  • Այս բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո կատարվում է սվաղ, խողովակի վրա 3-5սմ հաստությամբ։ Հիշեք՝ ինչքան հաստ է լինում հատակի շերտը, այնքան ուշ է տաքանում հատակը։

Կախված հատակի ծածկույթի և տարածքի տեսակից՝ ջերմաստիճանը պետք է լինի համապատասխանաբար՝
 

Տարածք Հատակի ջերմաստիճան
Բնակելի տարածք 26°С (միջին)
Բարձր խոնավությամբ տարածքներ 31°С (միջին)
Ոչ բնակելի տարածքներ 31°С (միջին)
Խողովակի տակ 35°С (մաքսիմալ)
Մանրահատակ և լամինատե հատակ 27°С (մաքսիմալ)

 

Ինչպե՞ս ընտրել ճիշտ ջեռուցում

Ջեռուցման տեսակի ընտրությունը, ինչպես նաև ջեռուցման համակարգի ընտրությունը կախված է մի քանի հանգամանքից։ Նախ և առաջ ընտրությունը կատարվում է ըստ տարածքի տեսակի։ Հնարավոր չէ կատարել տարածքի օպտիմալ ձեռուցում, եթե ընտրված տեսակը չի համապատասխանում տարածքի առանձնահատկություններին։ 

Փոքր տարածքների՝ մեկ-երկսենյականոց բնակարանի ջեռուցման խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով։ Վերը նշված տարբերակներից կարելի է ընտրել տաքացվող հատակը և ջրային ջեռուցումը (մասնագետի խորհրդով կարող եք տեղադրել միակոնտուրային կամ երկկոնտուրային տարբերակը): 3 և ավելի սենյակների համար հարմար է երկկոնտուրային ջրային ջեռուցման համակարգը, որը հավասարապես կտաքացնի բոլոր սենյակները։ Նույնիսկ փոքր տարածքների համար էլէկտրական տաք հատակը կարող է լինել ոչ շահավետ: Այսպիսով, արդյունավետ տարբերակ է ջրային տաք հատակը։

Առանձնատների համար ջեռուցման շահավետ տարբերակ է ջրային ջեռուցումը։ Ջեռուցման համակարգի կաթսան տեղադրվում է առանձին տարածքում, որպես վառելանյութ կարելի է օգտագործել գազ, փայտ և ածուխ։

Արտադրական մեծ տարածքների ջեռուցումը կատարվում է այլ սխեմայով՝ նախապես հաշվարկելով ջերմության կորստի աղբյուրները։ Ամենաարդյունավետ միջոց են համարվում մեծ ջերմաօդափոխիչները, որոնք տեղադրվում են ամբողջ տարածքով։ 

Ժամանակակից բազմահարկ շենքերում արդեն կիրառվում են կենտրոնացված օդային ջեռուցման համակարգերը, որոնք ապահովում են ամբողջ շինության օպտիմալ ջերմությունը, իսկ առանձին սենյակների համար տալիս են հնարավորություն կարգավորել ջերմությունը։

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play