Բնակարանի ներքին հարդարման պատասխանատու աշխատանքները բաժանված են մի քանի փուլերի։ Կարևորագույն փուլերից է պատերի հարթեցումը սվաղի՝ հարթեցնող շերտի միջոցով։ Այս փուլը շատ կարևոր է, քանի որ սվաղի որակից է կախված ամբողջ վերանորոգման հետագա ընթացքը և վերջնական տեսքը։ Սվաղի շերտը հիմք է դառնում պատերի սպիտակեցման, պաստառապատման, սալիկապաման կամ ներկի համար: Բացի այդ, սվաղը պատերի և առաստաղների մակերեսը պաշտպանում է խոնավությունից և կատարում ձայնամեկուսիչ դեր։
Ինչպե՞ս իրականացնել պատերի հարթեցումը սվաղի միջոցով, որպեսզի այն անթերի լինի։ Կան սվաղի իրականացման մի քանի տեխնիկաներ, որոնք տարբերվում են իրենց բարդությամբ և նյութերի կիրառմամբ։ Այս պատասխանատու փուլին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, դրա համար խորհուրդ ենք տալիս դիմել օգնության։ Varpet հավելվածի հմուտ մասնագետները պատրաստ են իրականացնել վերանորոգնման ցանկացած բարդության աշխատանքներ, ինչպես նաև սվաղման աշխատանքներ՝ խնայելով ձեր ժամանակը։
Պատի հարթեցնող շերտի (սվաղի) նշանակությունը
Մակերեսի հարթեցում: Հաճախ բնակարանի կամ տարածքի պատերը (հատկապես հին պանելային շենքերի) ունենում են անհարթություններ, ինչը բարդացնում է հետագա աշխատանքները: Սվաղումը անհարթությունները վերացնելու և պատերը վերջին փուլին նախապատրաստելու լավագույն միջոցն է:
Թերությունների քողարկում: Սվաղը օգտագործվում է ոչ միայն ներքին թերությունները քողարկելու, այլ նաև արտաքին ճաքերը լցնելու և վերացնելու համար։
Վերջնական հարդարում։ Ժամանակակից ինտերիերի դիզայնի լուծումների ժամանակ հաճախ օգտագործվում են դեկորատիվ խառնուրդներ կամ հասարակ հարթեցնող շերտ՝ պատերի վերջնական հարդարման համար։
Սվաղի տեսակները
Հարթեցնող շերտը լինում է երկու տեսակի․
- Հասարակ։ Պատի հարթեցման համար օգտագործվող սվաղն է, որն ամրացնում ու հարթեցնում է մակերեսը, միևնույն ժամանակ պաշտպանում խոնավությունից։
- Դեկորատիվ։ Գաջը նախատեսված է ներքին և արտաքին պատերի և մակերեսների ձևավորման համար:
Հասարակ սվաղ
Սվաղը պետք է համապատասխանի շինարարական տարածքի կլիմայական պայմաններին, հրդեհային անվտանգության պահանջներին, սենյակի ջերմաստիճանի և խոնավության պայմաններին, արտադրության տեխնոլոգիական պահանջներին, ինչպես նաև պաշտպանի շենքային կառույցներն արտաքին միջավայրի ազդեցությունից:
Վերը նշված չափանիշներին համապատասխան առանձնացվում են սվաղի մի քանի տեսակներ
- Ջրամեկուսիչ
- Գազամեկուսիչ
- Ձայնամեկուսիչ
- Ջերմակայուն
- Ռենտգենային պաշտպանիչ
Սվաղի տեսակներն ըստ որակական հատկանիշների
Ըստ որակի գնահատման աստիճանի՝ հասարակ սվաղը լինում է
- Սովորական։ Կիրառվում է այն տարածքներում (շենքերում), որտեղ մակերեսի մանրակրկիտ մշակում և հարթեցում չի պահանջվում: Միևնույն ժամանակ, սվաղի շերտի ընդհանուր հաստությունը չի գերազանցում 12 մմ-ը:
- Կատարելագործված։ Այս որակի սվաղը սովորաբար օգտագործվում է բնակելի և հասարակական նշանակության շենքերում, արդյունաբերական շինություններում և բարձրակարգ շենքերի օժանդակ սենյակներում (հատուկ դեպքերում)` առանց հատուկ ճարտարապետական նախագծման շենքերի ֆասադները սվաղելու համար: Այս դեպքում սվաղի միջին հաստությունը 15 մմ է:
- Բարձրակարգ։ Նման տեսակի սվաղը կիրառվում է հարդարման բարձր պահանջներով շենքերի և կառույցների ֆասադների համար։ Բարձրակարգ սվաղի համար պատերի և առաստաղների մակերեսները պետք է լինեն խիստ ուղղահայաց կամ հորիզոնական: Սվաղը կատարվում է փարոսների տեղադրմամբ, որոնց ունեցած հեռավորությունը պատից որոշում է սվաղի հաստությունը: Բարձրորակ սվաղի միջին ընդհանուր հաստությունը 20 մմ է:
Հասարակ սվաղի համար օգտագործվող խառնուրդներ
Սվաղները պատրաստվում են հետևյալ խառնուրդներով
- Ցեմենտ-ավազի խառնուրդը պատրաստվում է ցեմենտի, ավազի և քիմիական հավելումների հիման վրա, որոնք մեծացնում են սվաղի կպչուն հատկությունները: Ցեմենտ-ավազի սվաղը կիրառվում է պատերի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակերեսի վերանորոգման համար: Այս տեսակի սվաղն իր որակական հատկություննով և ամրությամբ կարելի է համարել լավագույնը, որը փորձված է տարիներով։ Թերություններից կարելի է միայն նշել խոնավությունը վատ կլանելու հատկությունը, որի պատճառով սվաղի շերտի վրա հավաքվում են ջրի կաթիլներ և առաջացնում բորբոս ու սունկ։
- Կրաքարային սվաղ ավազի խառնուրդով։ Այս տեսակն առավել տարածվածն է բնակելի տարածքների պատերի մակերեսի սվաղի համար։ Կրաքարային լուծույթը չի դիմանում խոնավությանը, ուստի այն խորհուրդ չի տրվում օգտագործել լոգարանների պատերի հարթեցման համար։ Բացի այդ, կրաքարը բավականին թունավոր նյութ է և կարող է առողջությանը վնաս հասցնել նույնիսկ խառնուրդը պատրաստելիս:
- Բարդ խառնուրդներ։ Այս տեսակի լուծույթները պատրաստվում են կրաքարից, ցեմենտից և ավազից և նախատեսված են ցանկացած տարածքի համար (բարձր խոնավությամբ, չափավոր խոնավ և չոր), ինչպես նաև շինության արտաքին պատերը շրջակա միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար: Սվաղն օգտագործվում է բետոնե, աղյուսե և բետոնե բլոկներից կառուցված ներքին պատերը սվաղելու համար: Այս տեսակի սվաղի միակ թերությունը համեմատաբար բարձր գինն է, որը պայմանավորված է ցեմենտի պարունակությամբ։
- Կավե խառնուրդներ։ Պատրաստվում են բնական նյութերի՝ կավի և ավազի խառնուրդից: Դրանք օգտագործվում են պատերի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակերեսների սվաղման աշխատանքների համար։ Կավե սվաղն ունի խոնավությունը կարգավորելու հատկություն, մաքրում է օդը, ինչպես նաև իրականացնում է ջերմամեկուսացումը: Այս և շատ այլ գործոնների շնորհիվ կավը կրկին սկսում է դիտվել որպես ամենաարդյունավետ շինանյութերից մեկը:
- Գիպսե խառնուրդներ։ Այս տեսակը հիմնականում օգտագործվում է շենքի ներքին պատերի հարթեցման համար: Գիպսե սվաղի մանր հատիկները թույլ են տալիս արագ և արդյունավետ հարթեցնել մակերեսները: Այս խառնուրդն ունի նաև ցածր ջերմային հաղորդակցություն:
Թերություններից է բարձր արժեքը։
Դեկորատիվ սվաղ
Դեկորատիվ սվաղը լինում է տարբեր տեսակի։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր կիրառման տեխնոլոգիան և պետք է օգտագործվի հատուկ մակերեսի համար:
Դեկորատիվ սվաղի տեսակները
Գոյություն ունի դեկորատիվ սվաղի չորս հիմնական տեսակ
- Ստրուկտուրային սվաղ։ Այն պարունակում է տարբեր չափերի հատիկներ՝ մինչև 3 մմ՝ ստեղծելով «մուշտակի» էֆեկտ: Օգտագործելով տարբեր տեսակի ատրճանակներ՝ կարելի է ստանալ զանազան նախշեր:
- Հյուսվածքային սվաղ: Ունի բարձր պլաստիկություն, ինչը հնարավորություն է տալիս սվաղից ստանալ շատ հետաքրքիր դեկորատիվ տարրեր:
- Հանքային սվաղ: Այս տեսակի դեկորատիվ սվաղի ժամանակ լուծույթին ավելացվում են տարբեր տեսակի քարեր՝ կվարց, գրանիտ, մարմար և այլն:
- Վենետիկյան սվաղ: Այս տեսակը ստեղծում է մարմարե կամ մալաքիտե պատերի իմիտացիա։
Դեկորատիվ սվաղի համար օգտագործվող խառնուրդներ
Հիմնականում օգտագործվում է երկու տարբեր խառնուրդներով սվաղ
- Ջրային հիմքով սվաղ։ Էկոլոգիապես մաքուր դեկորատիվ սվաղը պատրաստվում է ջրային հիմքով, ապահովում է մինչև 90°C ջերմաստիճանի դիմացկունություն, ունի բարձր թափանցելիություն և խոնավության գերազանց դիմացկունություն:
- Ոչ ջրային հիմքով սվաղ։ Ունի ծածկույթի մաշվածության և ագրեսիվ միջավայրի նկատմամբ բարձր դիմացկունություն, ամրություն և լավ կպչունություն: Նման սվաղի բաղադրության մեջ մտնում է
- էպոքսիդային խեժ։ Էպոքսիդային խեժերի սվաղները օգտագործվում են միայն ներքին հարդարման դեպքում
- պոլիուրեթանային։ Այս հիմքով սվաղները կարող են օգտագործվել ինչպես ներսում, այնպես էլ ֆասադների համար
Ինչպես ընտրել սվաղ
Սվաղի խառնուրդի ընտրությանը պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ, քանի որ դեկորատիվ հարդարման ծառայության ժամկետը ուղղակիորեն կախված է սվաղի որակից: Եթե վստահ չեք՝ որ լուծույթով սվաղն է առավել համապատասխան, խորհուրդ ենք տալիս դիմել Varpet-ի մասնագետներին, ովքեր կօգնեն կատարել ճիշտ ընտրություն և կիրականացնեն սվաղման աշխատանքները։
Սվաղի տեսակի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել մի քանի հիմնական գործոններ։
Աշխատանքային պայմանները. Ներքին աշխատանքների համար հարմար են ցեմենտի և գիպսի հիմքով սվաղները, իսկ բարձր խոնավությամբ տարածքների համար օգտագործվում է պորտլանդցեմենտով սվաղ։
Պատի հումքը: Այստեղ հատուկ պահանջներ չկան, քանի որ աղյուսից և բետոնից պատերը կարող են հարթեցվել ինչպես գիպսով, այնպես էլ ցեմենտ-ավազե հիմք ունեցող սվաղով:
Կիրառման առանձնահատկությունները։ Գիպսային խառնուրդներն ավելի պլաստիկ են, հետևաբար ավելի հարմար է աշխատել այս խառնուրդի հետ․ այն հեշտ է քսվում և արագ չորանում է: Մի փոքր դժվար է աշխատել ցեմենտե խառնուրդների հետ․ դրանք պակաս առաձգական են և ոչ այնքան հարմար աշխատելիս։ Ժամանակակից ցեմենտե խառնուրդների մեջ ավելացվում են տարբեր նյութեր՝ պլաստիկությունն ու կիրառման դյուրինությունը բարձրացնելու համար: Սակայն շնորհիվ իր երկարակեցության և որակի՝ ցեմենտե խառնուրդներն ունեն լայն կիրառում։
Արժեք և ծախս: Ցեմենտով սվաղն աչքի է ընկնում ցածր գնով, բայց և՝ մեծ սպառմամբ: Չնայած գիպսե խառնուրդները թանկ են, սակայն ավելի խնայող, ուստի սվաղման աշխատանքների ընդհանուր արժեքը ցածր է լինում:
Արտադրող։ Միակ խորհուրդն այստեղ այն է, որ չպետք է գնել անհայտ ապրանքանիշերի էժան ապրանքներ: Շատ դեպքերում այդպիսի խառնուրդները պատրաստվում են՝ առանց հաշվարկելու բաղադրիչների ճշգրիտ համամասնությունները, ինչը, անշուշտ, ազդում է սվաղի որակի և բուն ծածկույթի վրա:
Ինչից է կախված սվաղի ծախսը
Սվաղի ծախսի հաշվարկներն ավելի նպատակահարմար է կատարել նախապատրաստական աշխատանքներից՝ հին հարդարման նյութը հեռացնելուց և փարոսները տեղադրելուց հետո: Սվաղի ծախսը կախված է մի շարք գործոններից:
- Պատի շեղման առկայությունը և աստիճանը. մակերեսի վրա առկա անհարթությունների չափը և քանակը
- Տարբեր թերությունների առկայությունը: Եթե կան ճաքեր, պետք է նախապես ծածկվեն սվաղի հաստ շերտով
- Օգտագործված նյութի տեսակը
Սվաղի փարոսները կօգնեն ոչ միայն ճշգրտորեն հարթեցնել մակերեսը, այլ նաև որոշել շեղումների չափը` սվաղի չոր խառնուրդի պահանջվող քանակը հաշվարկելու համար: Փաթեթավորման վրա արտադրողը միշտ նշում է խառնուրդի հիմնական բնութագրերը՝ ներառյալ դրա ծախսը մեկ քառակուսի մետրի համար: Նյութ գնելիս ավելի լավ է կլորացնել նշված արժեքը: Խառնուրդի ավելացած մնացած մասը կարող եք օգտագործել այլ աշխատանքների համար:
Երբ կամ որտեղ չի կրելի իրականացնել պատի հարթեցում
Խորհուրդ չի տրվում սվաղման աշխատանքներն իրականացնել դրսում, եթե օդի միջին ջերմաստիճանը ցածր է -5°С- ից: Եթե դրսում ավելի ցուրտ է, ապա թույլատրվում է սվաղել` կիրառելով հետևյալ լուծումները։
- օգտագործել հատուկ հակասառիչ (противоморозный) մոդիֆիկատորներ
- ավելացնել կրաքար
- խառնուրդը բացել քլորաջրով
Ոչ միայն սառնամանիքներն են ազդում պատի հարթեցնող շերտի որակի վրա, այլ նաև բարձր ջերմաստիճանը։ + 30°С և ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս ֆասադի սվաղման աշխատանքներն իրականցնել մինչև առավոտյան ժամը 10-ը, այնուհետև երեկոյան ժամը 6-ից հետո, երբ օդի ջերմաստիճանն այդքան բարձր չէ:
Այժմ վաճառքում կա սվաղի խառնուրդների լայն տեսականի, սակայն ընտրություն կատարելուց առաջ պետք է ուսումնասիրել բաղադրությունը և պարզել՝ ինչ սահմանափակումներ կան և որ ջերմաստիճանում կարելի է կատարել սվաղման աշխատանքները:
Այլ կարևոր նախապայմաններ
Կարևոր է նաև պահպանել սվաղի պատշաճ որակն ապահովող մի շարք այլ պայմաններ.
- օդի խոնավությունը` ոչ պակաս, քան 60%, իսկ պատերի խոնավությունը պետք է լինի ոչ ավելի, քան 8%
- մակերեսը պետք է մի փոքր խոնավանա` նախքան խառնուրդը կիրառելը
- անընդունելի է 1-1,5 ժամից ավելի աշխատանքի ընդմիջում
- որպեսզի սվաղի շերտը չորանա հավասարաչափ և դանդաղ, շոգ եղանակին պատերը պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից
Պայմաններին և կանոններին հետևելը որակյալ սվաղի երաշխիքն է:
Ինչ կլինի կանոններին չհետևելու դեպքում
Պայմաններին չհետևելը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին
- եթե չոր մակերեսը չի խոնավացվում հատուկ ներծծմամբ կամ առնվազն ջրով, ապա սվաղը պատին լավ չի կպչում և կարող է շատ շուտ պոկվել
- սվաղի շերտը կարող է ճաքել
- մակերեսին կարող են լինել անհարթություններ
Արդյունքում, սվաղը չի ունենա անհրաժեշտ որակը և չի կատարի իր հիմնական գործառույթը, այն է՝ հարթեցնել պատի մակերեսը և նախապատրաստել վերանորոգման հաջորդ փուլին։
Ավելի լավ է սվաղել գարնանը կամ աշնանը, երբ եղանակի կտրուկ փոփոխություններ չկան, վարպետի օգնությամբ և միայն ճիշտ ընտրված խառնուրդներով, որոնք համապատասխանում են տարածքի առանձնահատկություններին։ Անհրաժեշտ է խստորեն հետևել հրահանգներին և կանոններին, որոնք էլ կերաշխավորեն բարձրորակ սվաղումը:
Սվաղի իրականացում։ Սվաղման աշխատանքների հերթականությունը
Սվաղման տեխնոլոգիայի համաձայն՝ աշխատանքները պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի.
- Նախապատրաստել մակերեսը։ Սվաղելուց առաջ պատերը պետք է պարտադիր պատել բետոնկոնտակտով: Դա արվում է սվաղի կպչունությունը բարձրացնելու և խոնավության ներծծման աստիճանը ցածրացնելու համար:
- Տեղադրել փարոսները կամ սվաղի ցանցը։ Տեղադրված պրոֆիլի ուղիղ լինելը ստուգել երկար ուղղիչի և հարթաչափի օգնությամբ։
- Շաղախը քսել պատերին։ Սվաղը պետք է տարածել ուղղիչով ներքևից վերև զիգզագաձև շարժումներով։ Ավելորդ սվաղը մաքրելու համար ուղղիչը պետք է պահել անկյան տակ։ Ավելորդ սվաղը մաքրել մածկաթիակով։ Եվս մեկ անգամ ներքևից վերև հարթեցնել սվաղն արդեն ուղիղ շարժումներով՝ հավաքելով ավելորդ սվաղը։ Գործողությունը պետք է կրկնել այնքան, մինչև որ ավելորդ շաղախ չմնա։ Ավարտելուց հետո ստուգել մակերեսի հարթությունը՝ ուղղիչը տարբեր անկյան տակ դնելով պատին։
- Հարթեցնել։ Աշխատանքները պետք է կատարվեն չորանալուց առաջ։ Հարթեցման համար պատրաստվում է ավելի ջրիկ կազմով սվաղ և հարթիչի օգնությամբ տարածվում պատին։
Սվաղման վերը նշված փուլերից յուրաքանչյուրը կարևոր է իր հերթին։ Խորհուրդ է տրվում սվաղման աշխատանքներն իրականացնել միաժամանակ բնակարանի բոլոր սենյակներում:
Գործիքները
Պատերը ձեռքով սվաղելու համար օգտագործվում են հետևյալ գործիքները.
- Սոկոլ։ Օգտագործվում է աշխատելիս խառնուրդը ձեռքին պահելու համար:
- Մածկաթիակ (մալա)։ Գործիքի միջոցով խառնուրդը տարածվում է անմիջապես աշխատանքային մակերեսին: Անկյուններում տարածելու համար օգտագործվում է անկյունային մալա:
- Ծեփամածիկի դանակ: Այն օգտագործվում է պատին տարբեր խառնուրդներ տարածելու համար:
- Հարթաչափ։ Նրա օգնությամբ ստուգվում է պատի հավասարությունը և փարոսների տեղադրման ճշգրտությունը: Սվաղելուց հետո մակերեսը հավասարվում է հարթաչափի միջոցով:
- Ուղղիչ: Բազմաֆունկցիոնալ գործիք, որն օգտագործվում է խառնուրդը տարածելու և հարթեցնելու համար:
- Սուր ծայրով մալա։ Սուր ծայրը թույլ է տալիս ծածկել ճեղքերը, փոքր թերությունները և մաքրել ավելորդ սվաղը։
- Սվաղի քերիչ։ Օգտագործվում է սվաղը վերջնական քերելու և հարթեցնելու համար։
- Սվաղման դույլ: Դույլով խառնուրդը տարածվում է մեծ մակերեսի վրա: Սա թույլ է տալիս զգալիորեն արագացնել աշխատանքը: