Մատնահարդարում

Date 29 Հունվարի 2021
Մատնահարդարում

Գեղեցիկ և խնամված եղունգները լրացնում են կնոջ կերպարը։ Կոսմետոլոգիայի ժամանակակից տեխնոլոգիաներն առաջարկում են եղունգների խնամքի բազմազանություն, և ձեր ընտրությունը կախված է բացառապես ձեր նախասիրությունից: Պրոֆեսիոնալ և գեղեցիկ մատնահարդարումը ձեր ձեռքերը կդարձնի ավելի նուրբ և երիտասարդ, իսկ եղունգները միշտ կլինեն խնամված։ Եթե փնտրում եք բարձր որակավորում ունեցող մասնագետների, կարող եք օգտվել Varpet հավելվածում գրանցված մատնահարդարների ծառայությունից, ովքեր ձեր ցանկությամբ մատնահարդարումը կկատարեն նույնիսկ ձեր տանը։ Իսկ մինչ այդ մի փոքր ինֆորմացիա մարտահարդարման և նրա տեսակների մասին։ 

Մատնահարդարման ծագումը և պատմությունը

«Manus» ՝ ձեռքի, «cura» ՝ խնամք: Ահա թե ինչ է նշանակում լատիներենից թարգմանված “manicura” բառը, որով հնագույն ժամանակներում բացատրում էին եղունգների և ձեռքերի համալիր խնամքը։ 

Մատնահարդարումը որպես մի յուրօրինակ ծես

Մատնահարդարման արվեստը հայտնի է եղել անհիշելի ժամանակներից: Այսպես, Հին Հունաստանում կար “կոսմետի” պաշտոն։ Բառի հիմքում ընկած է նույն արմատը, ինչ “cosmos” տիեզերք բառում, որը նշանակում է կարգուկանոն։ Կոսմետները ստրուկներ էին, որոնց պարտականության մեջ մտնում էր հասարակական բաղնիքներում հյուրերի մերսումն անուշաբույր յուղերով, դիմահարդարումը և մատնահարդարումը կենդանու արյունից և ճարպից պատրաստած եղունգի լաքով։ Մ․թ․ա 2-րդ դարում Հին Հռոմում կոսմետները կատարում էին նույն աշխատանքը։

Ասում են, որ եղունգի լաքը հայտնագործել են Հին Չինաստանում մ.թ.ա. 3000 թվականին։ Այն օգտագործում էին միապետերի և բարձր խավի ներկայացուցիչների մատնահարդարման համար։ Մինգի տոհմի իշխանության ժամանակ, արդեն մ․թ․ա XIV դարում, կանայք աճեցնում էին իրենց եղունգները մինչև 25 սմ՝ չար ոգիներին քշելու համար: Կանանց երկար ու խնամված եղունգները համարվում էին չարիքի դեմ ուղղված ամուլետ, իսկ տղամարդկանց մոտ` առնականության նշան: Եթե եղունգները չէին աճում անհրաժեշտ երկարության, օգտագործում էին թանկարժեք քարերով զարդարված արծաթյա և ոսկյա ծայրակալներ։

Հին Եգիպտոսում եղունգները ներկում էին հինայով։ Կարմիր ներկով ծածկում էին ոչ միայն ձեռքերի և ոտքերի եղունգները, այլ նաև ձեռքերը և ոտքերն ամբողջությամբ։

Պատմությանը հայտնի են ժամանակներ, երբ մատնահարդարման արվեստը անկում է ապրել: Օրինակ, միջնադարում երկար ու գեղեցիկ եղունգները համարվում էին անմաքրության, չար ոգիների և կախարդների նշաններ:

16-րդ դարում եվրոպական երկրներում հայտնվեց մի սարք, որը մինչ օրս օգտագործվում է, սակայն նրա տեսքն այժմ այլ է։ Միջնադարյան խարտոցը հղկված և թավշյա կտորով ծածկված թիթեղ էր, որով արքայական պալատի գեղեցկուհիները փայլեցնում էին եղունգները։ 
19-րդ դարի կեսին գործածության մեջ մտավ նարնջի փայտը՝ եղունգի կուտիկուլների համար, իսկ 20-րդ դարի սկզբին հայտնագործվեց խարտոցը իր նոր տեսքով։

Եվ մի փոքր գույն․․․

Եղունգների լաքն այնպիսին, ինչպիսին մեզ “քաջածանոթ” է մեր օրերում, ստեղծվել է համեմատաբար վերջերս։ 20-րդ դարի առաջին տասնամյակում կանայք արդեն քսուքներին ավելացնում էին գունավոր փոշիներ՝ եղունգներին փայլուն տեսք տալու համար:
Եղունգի լաքի առաջին նախատիպը քսում էին ուղտի մազից պատրաստված վրձինով, սակայն լաքը շատ արագ մաքրվում էր։ Շատ ավելի ուշ, 1920-ականներին մեքենայի ներկերի ոլորտում հայտնագործությունները եղունգի լաքի ստեղծման սկիզբը դրեցին։ Այդ ներկերը սկսեցին օգտագործվել նաև եղունգների համար։ Դրանք վաճառվում էին հեղուկ, պինդ և նույնիսկ փոշու տեսքով: Պատկերացրեք, թե որքան վնասակար էին այդ ներկերը, բայց կանանց ոչինչ չկանգնեցրեց, և մեքենայի ներկերի վրա հիմնված լաքերը այնուամենայնիվ մեծ տարածում ստացան:

1920-ականների կեսերին կոսմետիկ ընկերությունները սկսեցին փորձարկումներ անել՝ բարելավելու եղունգների լաքերի և փոշիների որակը: Այսպես, MaxFactor ընկերությունը ստեղծեց մարմնագույն եղունգի լաք, որը վաճառքի հանվեց մետաղյա տարայով։ Դա մարմնագույն փոշի էր, որը քսվում էր եղունգներին և փայլեցվում թավշյա կտորով։

Ժամանակակից լաքի բոլոր նախատիպերը կամ մաքրվում էին ջրով, կամ շատ երկար էին չորանում։ Միայն 1934 թ. Revlon ընկերության հիմնադիր Չարլզ Ռևսոնն ստեղծեց ջրակայուն լաքի նոր բանաձև: Այն եղունգների վրա պահպանվում էր մինչև երեք օր: Լաքի մաքրման համար օգտագործվում էր սովորական ացետոն: Վաճառքում կար վեց տեսակի լաք՝ կարմիրի երանգները, որոնք մեծ սպառում ունեին։ Ավելի ուշ Revlon– ը ներդրեց շրթներկի և եղունգների լաքի գույների ներդաշնակության նորաձևությունը:

Մատնահարդարման տեսակները

Մատնահարդարման տեսակներ

Այսօր մատնահարդարումն ավելին է, քան եղունգներին ձև հաղորդելը և կուտիկուլների մաքրումը։ Մատնահարդարումը մի ամբողջ ծիսակարգ է․ ունի քայլերի հատուկ հերթականություն՝ մաքրում, մաշկի խնամք, եղունգների ձևի մոդելավորում, ձևավորում:

Մատնահարդարման հիմնական տեսակները կարելի է բաժանել երկու խմբի 

  • Բժշկական մատնահարդարում
  • Կոսմետիկ մատնահարդարում

Բժշկական մատնահարդարումն իրականացվում է մասնագետի կողմից բժշկական սենյակի ստերիլ պայմաններում: Եղունգների բուժումն իրականացվում է բուժման և կանխարգելիչ նպատակներով: Նման մատնահարդարմամբ եղունգների ծածկույթը կատարվում է ոչ թե դեկորատիվ, այլ բժշկական միջոցներով:

Կոսմետիկ մատնահարդարում կարելի է կատարել սրահում կամ մասնագետին հրավիրել ձեր բնակարան։ Նման ծառայություն է առաջարկում varpet հավելվածը։ Ձեռքերի և եղունգների խնամքն իրականացվում է ժամանակակից կոսմետիկ միջոցներով։ 

Կոսմետիկ մատնահարդարման տեսակները

Եղունգների խնամքի միջոցների և գործիքների ժամանակակից բազմազանությունը թելադրում է մանիկյուրի բազմազան տեսակներ: Այսօր հայտնի են մատնահարդարման հետևյալ տեսակները.

  • Դասական մատնհարդարում 
  • Եվրոպական մատնահարդարում (առանց սուր գործիքների օգտագործման)
  • Ապարատային մանիկյուր
  • Ճապոնական մատնահարդարում
  • Ֆրանսիական մատնահարդարում
  • Ամերիկյան մատնահարդարում
  • ՍՊԱ-մատնահարդարում
  • Տղամարդկանց մատնահարդարում
  • Տաք մանիկյուր
  • Մատնահարդարում գել լաքով և ամրացնող գելով
  • Նեյլ արտ

Որո՞նք են այս կամ այն ​​մատնահարդարման առանձնահատկությունները։
Գեղեցիկ ու խնամված ձեռքերը կնոջ գլխավոր զարդն են: Մատնահարդարման մանրամասն նկարագրությունը կօգնի ձեզ ընտրել այն տեսակը, որն առավել համապատասխանում է ձեր ոճին։

Դասական մատնահարդարում

Դասական մատնահարդարում

Դասական կամ կտրվածքով մատնահարդարումը կարող է լինել վտանգավոր, եթե չի կատարվում ստերիլ գործիքներով։ Եվրոպայում նրան անվանում էին «վիրաբուժական»: Այս տեսակի մատնահարդարման ժամանակ կուտիկուլը կտվում է հատուկ մկրատով։ Եթե մատնահարդարը հմուտ չէ, կամ գործիքը լավ որակի չէ, կարող է վնասել մաշկը։ 
Պրոցեդուրայով նախատեսված է նաև ձեռքի փափկեցնող լոգանքներ։ Քանի որ փափկեցված եղունգներին դժվար է ձև հաղորդել, դրանք նախապես մշակվում են խարտոցով։

Եվրոպական մատնահարդարում

Այսօր շատերը նախընտրում են եվրոպական մատնահարդարումը: Այն թույլ է տալիս առանց կտրող գործիքների խնամել և հարդարել եղունգները։ Կուտիկուլը չի կտրվում, այլ հեռացվում է եղունգի վրայից փայտե սպաթուլայի միջոցով՝ նախապես փափկեցվելով հատուկ փափկեցնող նյութով: Չորացած մաշկը փափկեցնելու և եղունգները սնելու համար ձեռքերը մշակվում են հատուկ յուղով։ Մատնահարդարման այս տեսակը լիովին անվտանգ է և կարող է կատարվել նույնիսկ ոչ մասնագետի կողմից։ Որքան հաճախ կատարվի խնամքը, այնքան արագ ձեր եղունգները կհիշեն «ճիշտ» ձևը։

Ապարատային մանիկյուր

Մատնահարդարման ամենատարածված տեսակը, որն այսօր լայնորեն կիրառվում է գեղեցկության սրահներում, ապարատայինն է: Այս մատնահարդարումը կատարվում է մանիկյուրի հատուկ սարքի միջոցով, որն ունի տարբեր գլխիկներ։ Կախված անհրաժեշտությունից՝ մատնահարդարը կարող է օգտագործել հղկող գլխիկներից որևէ մեկը՝ մաքրելու չոր մաշկը, հղկելու կամ փայլեցնելու համար։ Ապարատային մատնահարդարման շնորհիվ եղունգները երկար ժամանակ կունենան խնամված տեսք։

Ճապոնական մատնահարդարում

  1. Եղունգների ձևի մշակում
  2. Եղունգների փափկեցում հատուկ նյութերով և կուտիկուլի մաքրում 
  3. Ni մածուկով և Hon փոշով եղունգների մշակում։ Մածուկն ու փոշին տարածում են եղունգների վրա՝ դրանց ամրություն և հարթ տեսք հաղորդելու համար։ Եղունգները ձեռք են բերում առողջ և խնամված տեսք:
  4. Խնամքն ավարտվում է ամրացնող շիճուկով, որի շնորհիվ նախորդ խնամքի միջոցները մնում են եղունգի վրա նույնիսկ լաքապատելուց հետո։ 

Ֆրանսիական մատնահարդարում

Մասնագիտական ​​լեզվով այն կոչվում է «ֆրենչ»: Այս տեսակն աչքի է ընկնում բնական և նուրբ տեսքով, հարմար է ցանկացած առիթի և հանդերձանքի համար: Ֆրանսիական մատնահարդարումն ստեղծել է Orly ապրանքանիշի հիմնադիրը 1976 թվականին: Ֆրենչի գլխավոր տարրը եղունգի սպիտակ ծայրն է, իսկ եղունգի մնացած հատվածը ծածկվում է մաշկագույն լաքով։ Ֆրանսիական մատնահարդարման տեսակներից է հակառակ ֆրենչը և լուսնային մանիկյուրը։

Ամերիկյան մատնահարդարում

Մատնահարդարման այս տեսակը հարմար է երկար եղունգների համար։ Ամերիկյան տեսակի դեպքում եղունգներին տրվում է օվալաձև տեսք: Օգտագործվում են լաքի կամ ներկի պայծառ, հագեցած գույներ։ Նախընտրելի է շրթներկը համապատասխանեցնել լաքի գույնի հետ։

ՍՊԱ-մատնահարդարում

Մատնահարդարման այս տեսակն օգնում է վերականգնել մաշկի ջրային բալանսը, փափեցնել, երիտասարդացնել մաշկը, վերացնել եղունգների չորությունը և փխրունությունը: Խնամքի ժամանակ օգտագործվում են յուղեր, աղեր, սկրաբներ և խոտաբույսեր։ Այն իր մեջ ներառում է ձեռքի լոգանք, պիլինգ, պարաֆինաթերապիա, ձեռքի դիմակներ, քսուքներ և եղունգների խնամք հատուկ միջոցներով: Սպա-մատնահարդարումը կարող է տևել մինչև 3 ժամ։

Տղամարդկանց մատնահարդարում

Հիմնական պահանջը՝ ունենալ խնամված ձեռքեր և եղունգներ։  Գունավոր լաքի փոխարեն եղունգները փայլեցվում են կամ օգտագործվում է անգույն լաք։ Եղունգները հարդարվում են դասական, եվրոպական կամ ապարատային ձևով։ 

Տաք մանիկյուր

Տաք մատնահարդարումը կիրառվում է շատ չոր, ճաքճքված և անխնամ, կամ քիմիական միջոցներից վնասված մաշկի դեպքում։ Այս պրոցեդուրան օգնում է բուժել, վերականգնել և խոնավեցնել մաշկը հատուկ միջոցներով։

Մատնահարդարում գել լաքով և շելաքով

Գել լաքով կամ շելաքով մատնահարդարումն առավել դիմացկուն տեսակներից է, որի ժամանակ եղունգի լաքը մնում է այնքան, մինչև որ այն չհեռացվի հատուկ նյութով։ Մատնահարդարումը բավականին երկար ու բարդ է և պահանջում է հատուկ հմտություններ։ Երեք քայլից բաղկացած պրոցեդուրան սկսվում է եղունգների հղկումից և յուղազերծումից։ Այնուհետև քսվում է հիմքը և չորացվում ուլտրամանուշակագույն կամ LED լամպի միջոցով: Ավելացվում է լաքի մեկ կամ երկու շերտ և կրկին չորացվում լամպի օգնությամբ։

Բարակ և փխրուն եղունգների համար գելը և շելաքը դառնում են պաշտպանիչ շերտ և թույլ չեն տալիս դրանք կոտրվեն։

Նեյլ Արտ

Նեյլ արտ

Նեյլ արտն իրենից ներկայացնում է եղունգի հատուկ ձևավորում տարբեր նաշխերով կամ քարերով։ Հիմնականում նեյլ արտը համակցվում է գել լաքի հետ՝ ապահովելով գեղեցիկ մատնահարդարում մի քանի շաբաթ շարունակ։ Մանտնահարդարման և նեյլ արտի թրենդները փոխվում են շատ արագ․ եթե ժամանակին տարածված էին աչք ծակող նախշերը, հիմա ավելի նախընտրելի են նուրբ ոճերը։

Ինչ գործիքներ են օգտագործվում մատնահարդարման մեջ

  • մի բաժակ տաք ջուր և նուրբ օճառ
  • եղունգկտրիչ
  • կուտիկուլի դանակ և կտրիչ
  • կուտիկուլների խարտոց
  • եղունգների խարտոց
  • փայլեցնող խարտոց
  • մկրատ
  • եղունգների խոզանակներ
  • թղթե տրաֆարետներ;
  • ֆրենչ տիպսեր
  • նեյլ արտի ստենպինգի սկավառակներ
  • փուշեր (pusher)
  • տրիմեր
  • կոսմետիկ գդալ:

Կատարյալ մատնահարդարում ունենալու համար անրհաժեշտ խնամքի միջոցներ 

  • յուղեր և կրեմ` կուտիկուլները հեռացնելու համար
  • մերսման լոսյոններ
  • եղունգների լաք
  • հերմետիկ
  • հեղուկ և անձեռոցիկներ եղունգների լաքը հեռացնելու համար
  • ձեռքի կրեմ
  • մաքրող սփրեյներ
  • բամբակյա գնդակներ
  • ձեռքի սրբիչ

Պրոֆեսիոնալ մատնահարդարումը պահանջում է մեծ վարպետություն և հմտություն։ Եղունգները պահանջում են ամենօրյա խնամք, քանի որ կինը պետք է կատարյալ տեսք ունենա միշտ և ամեն ինչում:

Մատնահարդարման հիմնական փուլերը

Առաջին հերթին վարպետը պատրաստում է գործիքները՝ տարա, որի մեջ պատրաստվելու է ձեռքերի փափկեցնող լոգանքը, խարտոցներ, փափկեցնող քսուքներ և այլն։ Դրանից հետո հատուկ եթերայուղեր պարունակող միջոցներով եղունգներից մաքրվում է հին լաքը։ 

Մաքրելուց հետո եղունգները մշակվում են խարտոցով։ Հաճախորդի ցանկություններին համապատասխան՝ վարպետը եղունգներին տալիս է ցանկալի երկարություն և ձև: 
Հատուկ հղկող խարտոցի միջոցով մշակվում է եղունգների ամբողջ մակերեսը և վերացվում թերությունները։
Այնուհետև ձեռքերը և եղունգները փափկեցվում են ծովի աղով և օճառով տաք լոգանքով։ Զգայուն մաշկի դեպքում ավելացվում են խոտաբույսեր։ 3-5 րոպե փափկեցնելուց հետո վարպետը մշակում է կուտիկուլները։

Եղունգները չորանալուց հետո մակերեսը մշակվում է յուղազերծող նյութով: Վերջապես եղունգները պատվում են հիմքով և լաքով։ Լաքը երկար պահպանվելու համար ավելացվում է վերջին պաշտպանիչ շերտը։

Խնամված եղունգները և ձեռքերը կարող են դառնալ ձեր զարդը, եթե սկսեք դրանք ճիշտ խնամել։ Հաճախ կանայք չեն կարողանում բավականաչափ ժամանակ տրամադրել խնամքին։ Այս դեպքում լավագույն լուծումն է դիմել մատնահարդարի օգնությանը։

Նմանատիպ նորություններ

Ներբեռնեք հավելվածը և մենք կլուծենք Ձեր խնդիրները

App Store Google Play