Առանձնատան կամ բնակարանի էլեկտրամոնտաժման աշխատանքները բավականին բարդ են և ժամանակատար, սակայն գործի նրբություններին ծանոթ և հմուտ վարպետը կարող է արագ կատարել չափագրումներ և հաշվարկներ։ Չափագրումները կատարվում են տան հատակագծի հիման վրա, որտեղ նշվում են բոլոր միացման կետերը և, իհարկե, հիմնվելով ձեր նախասիրությունների և պահանջների վրա։ Էլեկտրամոնտաժման աշխատանքները գրագետ իրականացնում են մասնագետ էլեկտրիկները, որոնք, ապահովում են էլէկտրականության անխափան և անվտանգ աշխատանքը բնակարանում։
Եթե մտադրված եք ինքնուրույն կատարել հաշվարկման բոլոր աշխատանքները, ձեռքի տակ ունեք բոլոր անհրաժեշտ գործիքները կամ պարզապես ցանկանում եք վերահսկել աշխատանքները, ապա կարող եք ծանոթանալ էլեկտրամոնտաժման նրբություններին քայլ առ քայլ:
Աշխատանքները բաղկացած են մի քանի հիմնական փուլից.
- տեղադրման մեթոդի ընտրություն (բաց, փակ)
- սխեմայի գծագրում
- նշագծման աշխատանքներ
- բաղադրիչ տարրերի ընտրություն
- էլեկտրամոնտաժման աշխատանքներ
- էլեկտրացանցին միանալու թույլտվության ստացում
Բնակարանում էլեկտրական լարերի անցկացման սխեման գծագրելու ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ պահանջները և առաջարկությունները.
- Լարերը պետք է անցնեն պատերի և առաստաղի երկայնքով միայն ուղղահայաց և հորիզոնական: Էլեկտրալարերի տեղը պետք է հստակ նշվի սխեմայի վրա։
- Թեքումը պետք է լինի ուղիղ անկյան տակ: Հնարավոր է նաև էլեկտրական լարերն անցկացնել հատակով՝ պաշտպանելով լարերը գոֆրեով։
- Արտաքին կամ թաքնված էլեկտրալարեր անցկացնելիս պետք է համոզվել, որ դրանք չեն շփվում մետաղական մասերի հետ։
- Լարերը պետք է տեղադրվեն առաստաղից 20 սմ հեռավորության վրա։
- Լարերը պետք է անցկացվեն վերևից ներքև ուղիղ և միանան անջատիչներին, իսկ դեպի վարդակները՝ ներքևից վերև։
- Լարերը պետք է անցնեն դռան և պատուհանի բացվածքներից 10 սմ հեռավորության վրա:
- Անջատիչները պետք է տեղադրվեն հատակից և դռան բռնակի կողքից 80 սմ - 90սմ հեռավորության վրա: Դրանք պետք է տեղադրված լինեն այնպես, որ բաց դուռը չխանգարի անջատիչին։ Եթե դուռը բացվում է դեպի աջ, անջատիչները պետք է տեղադրվեն ձախ կողմում և հակառակը։
- Վարդակներն անհրաժեշտ է տեղադրել հատակից 20-90 սմ բարձրության վրա, իսկ խոհանոցում վարդակները պետք է տեղադրել խոհանոցի սեղանից (столешница) 10 սմ բարձրության վրա:
- Վարդակները տեղադրվում են գազի և էլեկտրական վառարաններից, ջեռուցման մարտկոցներից և խողովակներից 50 սմ հեռավորության վրա։
- Խորհուրդ չի տրվում անջատիչները և վարդակները տեղադրել այնտեղ, որտեղ խոնավությունը նորմայից բարձր է:
- էլեկտրական լարերի հիմնական տարրերը՝ բաշխիչ տուփերը, հաշվիչները, վարդակները և անջատիչները պետք է լինեն հեշտ հասանելի:
- Սենյակներում վարդակների քանակը պետք է լինի 1հատ 6 քառ․մետրի համար։ Բացառություն է կազմում խոհանոցը: Այստեղ պետք է տեղադրվի այնքան վարդակ, որքան կենցաղային տեխնիկա միացնելու անհրաժեշտություն կլինի:
- Սանհանգույցում լարերի անցկացումն արգելվում է: Լոգարանում վարդակների լարերն անցկացվում են գոֆրեով։
- Մի քանի զուգահեռ լարեր անցկացնելու դեպքում դրանց միջև եղած հեռավորությունը պետք է լինի առնվազն 3 մմ, կամ մետաղալարերը պետք է ունենան պաշտպանիչ շերտ։
- Լարերի բաշխումը և միացումը իրականացվում է հատուկ միացման տուփերի ներսում: Միացումները խնամքով մեկուսացվում են:
Ինչպես հավասարաչափ բաշխել հոսանքը ամեն սենյակում
Բնակարանում կամ առանձնատանը անհրաժեշտաբար տեղադրվում են կենցաղային տեխնիկա և ինժեներական սարքավորումներ, որոնք սպառում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա: Նման տեխնիկաները գործնականում կոչվում են բեռներ: Բնակարանում հոսանքի հավասարաչափ բաշխումը կօգնի ճիշտ օգտագործել էլեկտրաէներգիան։ Varpet-ի հմուտ էլէկտրիկ մասնագետները պատրաստ են կատարելու ձեր բնակարանի հոսանքի ճիշտ բաշխում, որը կապահովի էլէկտրաէներգիայի օպտիմալ և անխափան օգտագործումը ամբողջ տարածքում։
Բնակարանում մեծ թվով էլեկտրական սարքերի՝ լվացքի մեքենա, օդորակիչ, կաթսաները, աուդիո և վիդեո տարբեր սարքավորումների կիրառումը մեծացնում է էլեկտրական լարերի ծանրաբեռնվածությունը։ Ամենաշատ էլեկտրատեխնիկան՝ էլեկտրական վառարան, սառնարան, միկրոալիքային վառարան, աման լվանալու մեքենա, էլեկտրական թեյնիկ և շատ ու շատ այլ սարքեր, օգտագործվում են խոհանոցում և մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են սպառում:\
Էլեկտրաէներգիան հավասարաչափ բաշխելու և շահագործման ընթացքում անվտանգություն ապահովելու համար էլեկտրական լարերը բաժանվում են խմբերի: Այս մեթոդը թույլ կտա ձեզ վերահսկել հոսանքի մատակարարումը առանձին սարքերում կամ սենյակներում: Հոսանքի բաշխումը հարմար է նաև վերանորոգման աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող եք անջատել էլեկտրամատակարարման ցանկացած խումբ:
Հոսանքի բաշխում սպառման աղբյուրների միջև
- Խոշոր կենցաղային տեխնիկան, որը համարվում է էներգիայի հզոր սպառող, տեղադրվում է առանձին՝ ավտոմատ անջատիչներով: Նման հզոր սպառող են համարվում էլեկտրական վառարանը, էլեկտրական թեյնիկը, ջրատաքացուցիչը, օդորակիչը և լվացքի մեքենան:
- Յուրաքանչյուր սենյակի՝ հյուրասենյակի, ննջասենյակի, գրասենյակի համար խորհուրդ է տրվում տեղադրել առանձին բաշխիչ տուփ կամ ավտոմատ անջատիչ։
- Խոհանոցը բնակարանի ամենածանրաբեռնված հատվածն է, որտեղ նույնպես պետք է վարդակները տեղադրվեն առանձին-առանձին:
- Լուսավորության համակարգը տեղադրվում է անհատական բլոկով, հնարավորության դեպքում ավելի լավ է յուրաքանչյուր սենյակի լուսավորությունը տեղադրվի առանձին ավտոմատ անջատիչով։
- Սանհանգույցի սնուցումը, որը համարվում է էլեկտրական անվտանգության համակարգի համար ամենավտանգավոր կետը բարձր խոնավության պատճառով, նույնպես պետք է կատարվի առանձին խմբով:
Նախքան լարերը խմբերի բաժանելը անհրաժեշտ է կազմել սենյակի հատակագիծը, որտեղ հստակ կնշվեն բոլոր վարդակների, հզոր կենցաղային տեխնիկայի, լամպերի, անջատիչների տեղադրման վայրերը: Այս սխեման հետագայում կօգնի անմիջապես հայտնաբերել վնասված խումբը և վերանորոգել։
Կարդացե՛ք նաև, Վարդակ․ինչ պետք է իմանալ դրա տեղադրման մասին
Բնակարանում էլեկտրական լարերի էլեկտրամոնտաժի մեթոդի ընտրությանը պետք է մոտենալ մտածված և մանրակրկիտ, քանի որ դրանից է կախված ամբողջ շղթայի անվտանգ և անխափան աշխատանքը։ Գոյություն ունի հոսանքի բաշխման երեք տեսակ․
- Բաշխիչ տուփ։ Միացման այս մեթոդի դեպքում էլեկտրական վահանակը տեղադրվում է առանձին խորշում, բնակելի տարածքից դուրս, դրան կցվում է հաշվիչ՝ 1-3 անջատիչներով: Վահանակից էլեկտրականության մատակարարումը կատարվում է մալուխով, իսկ առանձին սենյակներ մտնում բաշխիչ տուփերի և էլեկտրալարերի միջոցով։ Յուրաքանչյուր սենյակի համար տեղադրվում է առանձին բաշխիչ տուփ (սենյակի մուտքի մոտ), և դրանց միջոցով էլեկտրաէներգիան մատակարարվում է սենյակի բոլոր էլեկտրական սարքերին: Այս տեսակը կորցրել է իր արդիականությունը և այժմ փոխարինվել է նոր ժամանակակից եղանակներով։
- «Աստղ»: Միացման այս տեսակի դեպքում յուրաքանչյուր էլեկտրական սարք (ջահ կամ վարդակ) ունի իր առանձին մալուխային գիծը, որը միացված է անմիջապես էլեկտրական վահանակին և ունի առանձին անջատիչ: Այս տեսակի էլեկտրամոնտաժը հանգեցնում է էլեկտրական լարերի քանակի զգալի ավելացման, դրա կազմակերպման համար աշխատուժի ծախսերի և, բնականաբար, էլեկտրամոնտաժման աշխատանքի գնի բարձրացման: Սակայն պետք է նշենք, որ նման համակարգը թույլ է տալիս լիովին վերահսկել շղթայի յուրաքանչյուր տարր։
- «Շլեյֆ»։ Բաշխման այս տարբերակը որոշ նման է նախորդին։ Տարբերությունն այն է, որ մի քանի սպառողներ կարող են միացված լինել մեկ մալուխի: Բնականաբար, նման լուծումը մի փոքր ավելի էժան կլինի, քան նախորդը:
Մոնտաժման եղանակները և բարդությունները
Բնակարանի հոսանքի բաշխման և մալուխների տեղադրման սխեման ճիշտ կազմելու համար որոշակի գիտելիքներ են պետք։ Գիտելիքների և հմտության բացակայության դեպքում մենք խորհուրդ չենք տալիս ստանձնել նման բավականին բարդ աշխատանքը, քանի որ ձեր փորձերը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Լրացուցիչ բարդություններ կարող են առաջանալ այն դեպքում, եթե չկա մոնտաժի սխեմա, կամ նախնական սխեմայից հետո կատարվել են փոփոխություններ, որոնք չեն ֆիքսվել սխեմայի վրա։ Ձեր բնակարանի էլեկտրականության հետ կապված բոլոր հարցերը վստահեք varpet-ի արհեստավարժ էլեկտրիկին, ով արագ և արդյունավետորեն ոչ միայն կկազմի մանրամասն պլան` հաշվի առնելով բնակարանի բոլոր հատկությունները, այլև անհրաժեշտության դեպքում կշտկի անսարքությունը կամ կփոխարինի հին էլեկտրալարերը:
Նոր տան մեջ էլեկտրալարերի տեղադրումը կամ հին մալուխների փոխարինելը կարող է իրականացվել երկու եղանակով` բաց և փակ: Ընտրությունն, իհարկե, կախված է ձեր նախասիրությունից, բայց կան որոշակի ասպեկտներ, որոնք կարող են ազդել դրա վրա:
Առաջին հերթին դա, իհարկե, էլեկտրալարերի տեսքն է: Եթե մենք խոսում ենք բնակելի տարածքների մասին, ապա այս ասպեկտը առաջին պլան է մղվում: Փակ լարերը կոչվում են փակ, քանի որ դրա գրեթե բոլոր տարրերը թաքնված են։ Բաց էլեկտրալարերի մոնտաժման դեպքում, անկախ նրանից, թե ինչ տեխնոլոգիաներ եք օգտագործում, բոլոր տարրերը տեսանելի են:
Տեղադրման բարդության տեսանկյունից բաց լարերը անհերքելի առավելություն ունեն: Այն կարող է հեշտությամբ տեղադրվել ցանկացած մակերեսի վրա, և մալուխի վնասման դեպքում վերանորոգում չի պահանջվի: Փակ էլեկտրալարերի մոնտաժումը բավականին աշխատատար պրոցես է և պահանջում է տարածքի հետագա վերանորոգում:
Կախված մակերեսի տեսակից՝ հրակայուն կամ ոչ հրակայուն, տեղադրման պահանջները կարող են տարբեր լինել: Փակ էլեկտրալարերի տեղադրումը չի պահանջում լրացուցիչ նյութեր, որոնք կարող են ազդել վերջնական արժեքի վրա:
Էլեկտրալարերի բաց մոնտաժ
- Էլեկտրալարերի բաց մոնտաժով նախատեսվում է մալուխների անցկացում կառույցի վրա՝ պատեր, առաստաղներ և այլն: Լարերն անցկացվում են բաշխիչ տուփերի, մեկուսիչների, խողովակների, մետաղական ամրակների միջոցով։
- Բաց մոնտաժի դեպքում կարևոր է օգտագործել հատուկ լրացուցիչ աջակցող լարեր, որոնք թույլ չեն տա մալուխներին տեղաշարժվել կամ կախվել։
- Լարերի բաց մոնտաժի դեպքում հնարավոր է նաև անցկացնել անկյունափայտի երկարությամբ կամ անկյունափայտի մեջ։ Նույնիսկ անկյունափայտի մեջ թաքցված մոնտաժը համարվում է բաց։ Այս դեպքում անկյունափայտը կատարում է պաշտպանիչ տուփի դեր, որը մետաղալարերը պաշտպանում է մեխանիկական վնասվածքներից: Եթե ընտրվել է մոնտաժի այս տեսակը, կարևոր է, որ անկյունափայտը լինի հրակայուն։
Էլեկտրալարերի փակ մոնտաժ
- Փակ է համարվում մոնտաժի այն եղանակը, որի ժամանակ էլեկտրական լարերը տեղադրվում են շենքի կառուցվածքային տարրերի ներսում: Դա արվում է հստակ սխեմայով, որին հաջորդում է սվաղումը:
- Բացի այդ, այս եղանակը ներառում է էլեկտրական լարերի տեղադրումը պանելային տան հատակի ծածկույթի մեջ: Այս դեպքում լարերի լրացուցիչ պաշտպանության համար կիրառվում են խողովակներ։
- Կախովի առաստաղների տակ էլեկտրալարերի տեղադրումը նույնպես համարվում է փակ մոնտաժ: Այս դեպքում պետք է պահպահնել հստակ կանոններ․ հաշվի առնել կախովի առաստաղների մակերեսի դյուրավառությունը, եթե այն հրակայուն չէ, լարերը պետք է պաշտպանված լինեն մետաղական շերտով կամ խողովակներով։ Եթե մակերեսը հրակայուն է, ապա լարերը կարող են անցկացվել պլաստիկ խողովակներով:
Էլեկտրամոնտաժի կոմբինացված եղանակ
Այս մեթոդը ներկայացնում է նախորդ երկու մեթոդների համատեղումը: Չնայած տեղադրման հեշտությանը, հետագայում դժվարություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները.
- Լավագույն տարբերակը դա պատի միջով ուղիներ բացել և անցկացնել հրակայուն լարեր։
- Համոզվեք, որ պատի մեջ լարերն անցնում են առանց խոչընդոտի և չեն հպվում միմյանց։ Կաղապարը, որով անցնելու են հզոր և թույլ էլեկտրալարերը, պետք է ունենա մի քանի սեկցիա։
- Ի տարբերություն նախորդ երկու տեսակների, կոմբինացված մոնտաժը կարող է իրականացվել նաև անկյունագծով։
Ավտոմատ անջատիչի տեղադրում
Ավտոմատ անջատիչների տեղադրումը և փոխարինումը էլեկտրիկի հիմնական խնդիրներից մեկն է էլեկտրական լարերը նորոգելիս և փոխարինելիս։ Ավտոմատ անջատիչների տեղադրումը դիֆերենցիալ ավտոմատ սարքերի և RCD- ների (մնացորդային հոսանքի անջատիչներ) հետ միասին ապահովում է էլեկտրականության ճիշտ աշխատանքը, պաշտպանում շղթաները կարճ միացումից և ծանրաբեռնվածությունից:
Ավտոմատ անջատիչների մոնտաժի ժամանակ էլեկտրիկներն առաջնորդվում են ավտոմատ անջատիչներն էլեկտրական ցանցերին միացնելու որոշակի պահանջներով՝ հաշվի առնելով խմբի գծին միացված սպառողների օգտագործած հոսանքի հզորությունը, մալուխների հատույթները, էլեկտրական ցանցերի հնարավորությունները և այլն։
Ապահովություն՝ հոսանքի տատանումներ-հետևանքներ-ճիշտ օգտագործում
Եթե էլեկտրամոնտաժը կատարվել է ոչ մասնագետի կողմից, կարող են առաջանալ մի շարք խնդիրներ։ Բացի դրանից, անկախ մոնտաժի իրականացման որակից, էլէկտրականության հիմնախնդիրներից է հոսանքի տատանումները, որի պատճառով կարող են այրվել լամպերը, շարքից դուրս գալ կենցաղային տեխնիկան և նույնիսկ հրդեհավտանգ իրավիճակ ստեղծվել բնակարանի էլեկտրալարերում։
Գրեթե ցանկացած ժամանակակից բնակարան ունի էներգիայի սպառման շատ աղբյուրներ: Իհարկե, նրանք ստեղծված են կյանքը ավելի հարմարավետ դարձնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, զգալիորեն մեծացնում են էլեկտրաէներգիայի սպառումը: Էլեկտրացանցը միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել նման ծանրաբեռնվածութունը, ինչը և հանգեցնում է լարման տատանումներին։
Հոսանքի տատանումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների։ Սարքերը գերլարումից պաշտպանելու լավագույն տարբերակը էլեկտրամատակարարման համակարգի ամբողջական վերանորոգումը և դրա հետագա սպասարկումը փորձառու մասնագետներին վստահելն է: Սակայն միշտ չէ, որ հնարավոր է իրականցնել նման մասշտաբային աշխատանքներ։
Կենցաղային սարքավորումների անվտանգությունը բարձրացնելու և գերլարման պատճառով վնասի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար օգտագործվում են հետևյալ սարքերը.
- Լարման կառավարման ռելե (RKN): Այն իրենից ներկայացնում է փոքր սարք, որի խնդիրն է անջատել շղթան հոսանքի տատանման ժամանակ և վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանցի պարամետրերի ստաբիլանալուց հետո:
- Բարձր լարման սենսոր (DPN): Այս սարքը պետք է տեղադրված լինի ցանցում ավտոմատ անջատիչի հետ միասին: Երբ սարքը հայտնաբերում է ցանցի պարամետրերի խախտում, այն առաջացնում է հոսանքի արտահոսք, որը հայտնաբերելով՝ ավտոմատ անջատիչը (RCD) հոսանքազրկում է ցանցը:
- Կայունացուցիչ (ստաբիլիզատոր)։ Այն կետերում, որտեղ հոսանքի տատանումներից անընդհատ պաշտպանության կարիք կա, անհրաժեշտ է տեղադրել ստաբիլիզատոր: Այս սարքը, միացված լինելով ցանցին, անկախ մատակարարվող հոսանքի որակից, ելքում լարումը բերում է անհրաժեշտ հզորության։
Էլեկտրամոնտաժման աշխատանքները պետք չէ վստահել անփորձի կամ սկսնակի, քանի որ հենց գրագետ կատարված աշխատանքից է կախված ձեր անվտանգությունը և սարքավորումների անխափան աշխատանքը։ Վստահեք էլեկտրամոնտաժման աշխատանքները varpet-ի հմուտ էլեկտրիկներին, որոնք կանցկացնեն խորհրդատվություն, կկատարեն չափագրումներ և մոնտաժման աշխատանքներ։ Ներբեռնեք Varpet հավելվածը, և ընդամենը մեկ հպումով փորձառու էլեկտրիկը կայցելի ձեզ։